Հիմնական նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Ֆինանսների նախարար |lragir.am|
08:11 - 28 նոյեմբերի, 2019

Հիմնական նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է. Ֆինանսների նախարար |lragir.am|

lragir.am: Կառավարությունը սկսում է գերատեսչությունների ռազմավարությունների քննարկման փուլը, կառավարության այսօրվա նիստում ասաց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ներկայացվեց Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների գործողությունների ծրագիրը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռազմավարության համար որպես անկյունաքարային փաստաթութ է հանդիսացել կառավարության ծրագիրը։

«Մենք ձևակերպել ենք պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը։ Որպես հիմնական խնիդիր կամ նպատակադրման ձևակերպում՝ երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխումը։ Ինչպե՞ս դա անել։ Դա հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և հավասարաչափ բաշխումն է»,- ասաց Ջանջուղազյանը։

Որպես հիմնական նպատակ՝ հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումն է։ Կարևորվում է նաև հարկաբյուջետային կարգապահությունը, բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանը չափազանց կարևոր է ոչ միայն բյուջեի, այլ նաև արդյունքների սպառողների տեսանկյունից։

Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք հստակ կապ ռազմավարական հայտարարված մտադրություննեւրի և գործողությունների միջև, որոնք կառավարությունն իրականացնում է։ Այսինքն՝ պետք է երաշխավորել, որ բոլոր գործողություններն ունենան հստակ կապ այն քաղաքականության հետ, որը հայտարարվել է։ Եվ այս ամենը պետք է իրականացվի թափանցիկ ու հաշվետվողականության միջավայրում։

Ջանջուղազյանը շեշտեց, որ այս ռազմավարությունը հիմնված է կառավարության ծրագրի վրա։ Նա ներկայացրեց կառվարության ծրագրի կարևոր շեշտադրումները։ «Վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարում։ Սա խրոնիկ խնդիր է եղել և ըստ էության շարունակվում է որպես խնդիր մնալ։ Պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգերի զարգացում ու բարելավում։ Պետական պարտքը բավական զգայուն թեմա է, և մշտապես մենք ամեն ինչ արել ենք, որ գործընթացը թափանցիկ լինի։

Ստվերային տնտեսության կրճատման ու մրցակցային բիզնես միհջավայր ձևավորելու նպատակով հարկային վարչարարության բերալավում ու արդիականացում։ Պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործում, հավելյալ արժեքի ստեղծման գործիքակազմի ներդրում։

Մենք ենթադրում ենք, որ փողի դիմաց արժեք ստանալու սկզբունքի իրականացման ձգտումը միայն մեր երկրին բնորոշ չէ, ամբողջ աշխարհում դրան ձգտում են։ Ծախսերի նպատակային արդյունավետության բարձրացման նպատակով անցում ռազմավարական պլանավորման համակարգին։

Սա նույնպես հայտնի խնդիր է։ Շատ հաճախ խզում է լինում հայտարարված ռազմավարական նպատակների և իրականացվող ծախսերի միջև։ Այստեղ ներկայացված են այն միջոցառուամները, որոնց շնորհիվ ակնկալում ենք, որ այդ խզումը նվազագույնի կհասցվի կամ կդադարի գոյություն ունենալ»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարը նաև ասաց, որ շարունակական կլինի մարդկային կապիտալի զարգացման համար բյուջետային ծախսերի աճը։ Կապիտալ ծախսերի շարունակական բարձրացումը ևս շարունակական կլինի բյուջեում։ Պետական գնումների թափանցիկ համակարգի ներդրման ուղղությամբ նույնպես աշխատանքներ կտարվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել