Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|
00:14 - 11 ապրիլի, 2020

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրերս կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Գրիգորյանը կրկին առողջական վիճակի պատճառով նիստին չի մասնակցել, եւ ըստ էության, գործի բուն քննություն տեղի չի ունեցել: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ մի ընթացակարգային որոշում է կայացրել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Խոսքը մեքենաների, նրա առանձնատանը հայտնաբերված հագուստի, կենցաղային իրերի մասին է. «Դրանց մեջ կա գույք, որ մեղադրական ծավալի մեջ ներառված չէ, մեղադրանքի հետ կապ չունի, եւ ապրանք, որ ժամկետանց է, բայց դատարանը գտավ, որ այս միջանկյալ փուլում կարող է դրանք տնօրինել, հանձնել երրորդ անձի. սա իրավունքի ոչ մի նորմի, ոչ էլ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես նման շեդեւր առաջին անգամ եմ տեսնում»:

Պաշտպանի դժգոհությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ մեքենաների մեջ կային այնպիսիք, որոնց սեփականատերերը այլ անձինք են, եւ ըստ նրա՝ ստացվում է, որ դատարանը, առանց լսելու նրանց կարծիքը, դրանք հանձնել է շահագործման. «Այդ մեքենաները  ներառված են մեղադրանքի մեջ, բայց գույքը, որը դեռեւս նախաքննության փուլում արված փորձաքննության համաձայն՝ կապ չունի ոչ բանակի, ոչ երկրապահի հետ, ոչ էլ նման օգնություն է եկել, խորհրդային տարիների արտադրության է, եւ հայկական բանակն իր ստեղծման օրվանից նման գույք չի ունեցել, ուր մնաց՝ ԵԿՄ-ն ունենար, որն ավելի ուշ է ստեղծվել»: Ինչ վերաբերում է կենցաղային ժամկետանց իրերին, պաշտպանի խոսքով՝ դրանց մեջ ներառված է նաեւ մթերք՝ կաթ, պահածոներ, որոնք, իրենց համոզմամբ, ոչնչացվելու են. «Դրանք ոչ մեկին պետք չեն, դեռ այն ժամանակ պետք չեն եղել, բայց դատարանը ուշադրություն չդարձրեց, որ փորձաքննության համաձայն՝ ամբողջ ցուցակի մեջ 1 միլիոն 300 հազար դրամի ծավալ է, մնացած մասը իրենից արժեք չի ներկայացնում, որովհետեւ նույնիսկ մեղադրանք առաջադրելու ժամանակ արդեն ժամկետանց է  եղել»:

Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են. «Հիմա որ հանձնվեն օգտագործման, դրանք վերանալու են, էլի բան կա, որ ես, պաշտպանական մարտավարությունից ելնելով, ասել չեմ կարող, բայց իրավունքի տեսանկյունից սա անթույլատրելի է»: Հարցին՝ դատարանը նշված խնդրի վերաբերյալ միջնորդությո՞ւն էր ստացել, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, գրություն է ստացել եւ իր նախաձեռնությամբ քննել այդ հարցը»: Նա վստահ չէր, բայց ենթադրում էր, որ գրությունը հավանաբար ԵԿՄ-ից է եղել. «Խնդիրը դա չէ, ստանդարտների մեջ է: Թողնենք Մանվել Գրիգորյանի անձը, այսօր իրավունք ենք իրականացնում. եթե նրա դեպքում սա թույլատրելի է, հասարակ քաղաքացու դեպքում էլ է թույլատրելի լինելու, եւ գալու է մի իրավիճակ, երբ ունենալու ենք այն, ինչից փորձել ենք խուսափել»: Հարցին՝ ինչո՞ւ է դատարանը որոշել հենց այս նիստում անդրադառնալ այդ գույքերի տնօրինմանը, պաշտպանն ասաց, որ էթիկայի կանոններից ելնելով՝ պատասխանել չի կարող:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, առանց որեւէ դիմումի կամ գրության՝ պահպանելով օրենքի պահանջները: Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են, կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են (որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել), ինչպես նաեւ՝ ավտոմեքենաներն ու տրանսպորտային միջոցները, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ: Դատավորի խոսքով՝ տվյալ դեպքում որեւէ ավտոմեքենայի վրա կալանք չի եղել, իսկ տնօրինմանը հանձնված ապրանքներն էլ եղել են պիտանի եւ դասվել են շուտ փչացող ապրանքների շարքին. «Ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս մենք որոշել էինք այդ իրեղեն ապացույցները, ի թիվս այլոց, ավելի շուտ հետազոտել, դրանց ճակատագիրը որոշել, նոր վարույթը շարունակել, բայց քանի որ նիստերը շարունակ հետաձգվում են, եւ հիմա նաեւ այս համաճարակը եղավ, իսկ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատարանը բազմիցս քննարկել է նրա խափանման միջոցի հարցը, իրավաչափ համարեց նաեւ իրեղեն ապացույցների հարցը քննարկել՝ լսելով կողմերի կարծիքները եւ լուծելով այն»:

Ըստ դատավորի՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին տնօրինել ՈՒԱԶ մակնիշի այն տասը մեքենաները, որոնք Շտապ օգնության մեքենաներ են, եւ որոնք, ըստ մեղադրանքի, հափշակվել են ԵԿՄ-ից. «Այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն է, դրա համար է նրան մեղադրանք առաջադրված»: Դատավորն ընդգծեց, որ արգելադրված մեքենաների մեջ կան այնպիսիք, որոնք եւս իրենց հարմարություններով այսօրվա դրությամբ օգտակար կարող են լինել, բայց քանի որ դրանք մեղադրանքի ծավալում ներառված չեն, այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն չէ, դատարանը դրանց հետ որեւէ գործողություն չի իրականացրել. «Ընդ որում, այդ իրերը դեռեւս նախաքննության փուլից ի պահ էին հանձնված ԵԿՄ-ին, այսինքն՝ իրենց պահեստում մեքենաները կանգնած են, եւ պատկերացրեք՝ մեկ էլ կորոնավիրուսի հետ կապված խնդիր է ստեղծվել, ԵԿՄ-ն էլ զինվորականներին աջակցություն ցուցաբերելու առումով ինչ-որ գործողություն պիտի անի, բայց մեքենա չունի, իսկ եղածներն էլ պահեստում կանգնած են, եւ գուցե դրանցում հենց անհրաժեշտ սարքավորումներն են, այս է խնդիրը»: Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ դատարանը դրանք հանձնել է երրորդ անձի տնօրինման՝ առանց սեփականատերերին լսելու, Մնացական Մարտիրոսյանն ասաց. «Այո, դրանց սեփականատերերը տարբեր մարդիկ են, բայց նրանք նախաքննության փուլում հարցաքննվել են եւ ասել, որ դրանք իրենց մեքենաները չեն, պարզապես գրանցված են իրենց անունով, այսինքն՝ մենք գործի նյութերում ունենք այդ մարդկանց կարծիքը, բայց հերթը դրանց հետազոտմանը չի հասել»:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել