Մարուքյանի համոզմամբ` Կառավարությունը չի ցանկանում պահուստային միջոցներից աջակցել քաղաքացիներին |hetq.am|
15:08 - 28 ապրիլի, 2020

Մարուքյանի համոզմամբ` Կառավարությունը չի ցանկանում պահուստային միջոցներից աջակցել քաղաքացիներին |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն համոզման է, որ Կառավարությունը կարող է այս իրավիճակում օգտվել խնայողություններից ու աջակցել քաղաքացիներին:

Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագծի քննարկմանն ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով` այս նախագծով խորհրդարանը զիջում է իր լիազորությունները Կառավարությանը, ինչը սխալ է, քանի որ պետք է պահպանվի խորհրդարանին հաշվետու լինելու կարծիքը:

Մարուքյանն անդրադարձավ իր այն առաջարկին, որ պետք է խնայողությունների հաշվին 100 հազարական դրամ փոխանցել շուրջ 500 հազար ընտանիքի:

«Կառավարությունն ասում է` փող կա, բայց ուրիշ բանի համար է: Մեր քաղաքացիների բախտը վերջին երկու տարիներին բերել է, կապիտալ ծախսերը թերակատարվել են, ու կան խնայողություններ, դրա հաշվին կա 385 միլիարդ դրամ: Այդ գումարից  200 միլարդ դրամը խնայողության փողն է, որը կարող է ծախսվել ժողովրդին աջակցելու համար»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, սակայն, Կառավարությունն այն կարծիքին է, որ այդ գումարը կարելի է ծախսել թերակատարված հարկերի համար:

«500 հազար ընտանիքի հարյուր հազարական փող տվեք, 470 հազար թոշակառուների մի ամսվա լրացուցիչ թոշակ տվեք, ու այս ծախսերը  հարյուր միլիարդի չի հասնում, բայց  Կառավարությունն ասում է` պոպուլիզմ է, պոպուլիզմ կլիներ, եթե փողը չլիներ, մենք ասեինք տվեք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով` ամբողջ աշխարհը գնացել է մարդկանց ուղղակի փող տալու ճանապարհով, փող են տվել, որ մարդիկ ապրեն:

«Հիմա հարցնում ենք, թե ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) քանի տոկոսն եք պատրաստ ծախսել, մեր Կառավարությունը էդ հարցին չի պատասխանում, անվերադարձ ինչքա՞ն փող եք պատրաստ աջակցել, էս հարցին Կառավարությունը չի պատասխանում»,- ասաց նա:

Մարուքյանը չբացառեց, որ 500 հազար ընտանիքների շրջանում կլինեն ընտանիքներ, որոնք այդ աջակցության կարիքը չունեն, սակայն ըստ նրա՝ ողբերգություն չի լինի, եթե նրանք ևս ստանան այդ աջակցությունը:

«Ինչ կա դրա մեջ, մեր քաղաքացին չի, էդ մարդկանց ասում էիք` եկեք քվեարկությանը մասնակցեք, էդ ժամանակ իրենց կարիքն ունեիք, հիմա էդ մարդիկ սոված նստած են, փող ունեք դրած, չեք տալիս էդ մարդկանց: Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանը հարուստ երկիր չի, բայց խնայողություն ունենք: Կառավարությունն էդ խնայողությունը պահում է, որ մարդիկ սովի մատնվեն, հետո ծախսեն, բայց դա շատ ուշ է լինելու, պետք է ժամանակին հանել փողը ու սրսկել տնտեսության մեջ»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել