Մարտի 1-ից մինչ այժմ հայրենիք է վերադարձել Հայաստանի 63 հազար քաղաքացի |hetq.am|
17:01 - 04 մայիսի, 2020

Մարտի 1-ից մինչ այժմ հայրենիք է վերադարձել Հայաստանի 63 հազար քաղաքացի |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչև այժմ հայրենիք է վերադարձել մոտ 63 հազար Հայաստանի քաղաքացի: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք արդեն վաղ շրջանում հայտարարություններ էինք տարածում և քաջալերում մեր քաղաքացիներին՝ օգտվել բոլոր հնարավոր առիթներից և ողջամիտ որոշումներ ընդունել` հաշվի առնելով համավարակի աճող վտանգը: Բազմաթիվ մարդիկ գնահատեցին իրավիճակը և վերադարձան Հայաստան: Արդեն մարտի կեսից երբ Հայաստանում արտակարգ դրություն էր, և ավելի ցայտուն էր, որ համավարակը դառնում է ճգնաժամային ամբողջ աշխարհի համար, այդ շրջանից ի վեր մինչ այսօր մոտ 23 հազար քաղաքացի է վերադարձել Հայաստան»,- ասաց Մնացականյանը:

Նախարարն ընդգծեց` այդքան շատ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը:

«Բոլոր դեսպանությունները և կենտրոնական ապարատը պարետատան, Առողջապահության նախարարության, ավիացիայի հետ համատեղ, ինչպես նաև տարբեր գործընկերների աջակցությամբ ու ներգրավմամբ օգտակար են եղել, որ կարողանանք այդ ամենը կառավարել»,-ասաց նա:

Նախարարը ներկայացրեց մարտի 15-ից սկսած իրականացված ուղևորափոխադումները, ըստ որի՝ մարտի 15-ին Հռոմից Հայաաստան է տեղափոխվել  67 անձ, Վրաստանից` 115 անձ, բոլորն անվճար: Նույն օրը Հայաստան են տեղափոխվել Անգոլայից 24 անձ, Լեհաստանից` 4 անձ:

«Մարտի 31-ին 68 հոգի Հնդկաստանից է տեղափոխվել, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, որից ութսունը` անվճար, ապրիլի 7-ին` Մոսկվայից 226 հոգի, որից 150-ը անվճար, ապրիլի 6-ին Թել Ավիվից` 10 հոգի անվճար, ապրիլի 10-ին` Վաշինգտոնից 35 հոգի, անվճար, Թուրքիայից ապրիլի 4-ին` 73 հոգի, բոլորն անվճար, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, որից 200-ը անվճար: Ապրիլի 13-ին Սուդանից 8 հոգի է վերադարձել, ապրիլի 19-ին Կրասնոդարից՝ 100 հոգի, բոլորն անվճար, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից՝ 100 հոգի է վերադարձել, բոլորն էլ անվճար, ապրիլի 21-ին Էմիրություններից` 18 հոգի, ապրիլի 22-ին Մոսկվայից՝ 200, որից 170-ը անվճար, ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքով 230 անձ է վերադարձել, որից 150-ը անվճար, ապրիլի 24-ին Բաղդադից 21 հոգի է վերադարձել, բոլորն էլ անվճար, ապրիլի 27-ին Վարշավա-Մինսկ չվերթով 18 հոգի է վերադարձել, ապրիլի 28-ին Կիևից 150 հոգի է վերադարձել, բոլորն անվճար, ապրիլի 29-ին Դամասկոսից՝ 18 հոգի, բոլորն անվճար, մայիսի 2-ին Վենետիկից՝ 5 հոգի,  անվճար, մայիսի 3-ին Քուվեյթ-Թբիլիսի-Երևան չվերթով՝ 9, բոլորն անվճար, մայիսի 4-ին Բեյրութից` 20 հոգի է վերադառնում, 6-ին Ալմաթիից 30 հոգի ենք նախատեսում»,- ներկայացրեց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` անվճար չվերթները Հայաստանի կառավարության, տարբեր գործընկեր կառույցների և անհատների համագործակցության համադրություն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել