Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին
09:51 - 31 հունվարի, 2020

Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Հարգարժա՛ն գործընկերներ,

Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝
- Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,
- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,
- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։

Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։

Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել