Նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը |lragir.am|
06:50 - 19 հուլիսի, 2019

Նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Պարոն Մանուկյան, վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հայտարարություն է արել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Նախորդ իշխանության ժամանակ ևս նման բանակցությունների մասին բազմիցս խոսվել է, բայց դրանք այդպես էլ շոշափելի արդյունք չտվեցին։ Հիմա Ավինյանի ասածը հնի շարունակությո՞ւնն է, թե Ռուսաստանի հետ բոլորովին այլ բանակցությունների սկիզբ է դրվում։

Եթե մենք քննարկում ենք բանակցությունների խորությունը, ճիշտ կլինի Տիգրան Ավինյանից կամ կառավարությունից ավելի որակյալ պատասխան ստանալ։ Բայց եթե ընդհանրապես քննարկում ենք Ատոմակայանը վերազինելու կամ ատոմակայանի հետ կապված հարցը, ապա ես՝ որպես տնտեսագետ, որոշակի տեսակետ կցանկանայի ներկայացնել։ Նախ՝ այդ բանակցությունները պետք է լինեն և այդտեղ չափազանց կարևոր է հուսալիությունը։

Եթե մենք ուսումնասիրում ենք այդ ոլորտը, տեսնում ենք, որ այդտեղ միջազգայնորեն ընդունելի չափանիշներով նաև ՌԴ-ն համարվում է լավագույններից մեկը։ Երկրորդն այն է, թե ինչպես անել, ու այստեղ կարելի է հավելյալ ուղղություններ քննարկել։ Ես կարծում եմ, որ էներգետիկ համակարգն այն համակարգն է, որ կոռուպցիայից և անարդյունավետությունից մաքրելուց հետո չափազանց կարևոր է, որ այս ոլորտում իրականացվեն IPO-ներ, և հանրությունը հնարավորություն կունենա հանրային վերահսկողություն ունենալ ինչպես ծախսերի նկատմամբ, այնպես էլ հնարավոր հավելյալ եկամուտների։

Այս առումով, հնարավոր տարբերակ կարելի է դիտարկել այդ նախագիծը իր բոլոր բովանդակային փաստաթղթերով թափանցիկ դարձնելուց հետո նաև որպես այլընտրանք քննարկել տեղական, ինչու ոչ, նաև թուրքահայերի մասնակցությունը ատոմակայանի կառուցման գործում։

Կարծում եք՝ այն կյանքի կկոչվի այն դեպքում, երբ Ռուսաստանը շահագրգի՞ռ լինի։ Եվ որքանո՞վ է այս հարցը Ռուսաստանի շահագրգռությունների ոլորտում։

Շատ երկրներ են հետաքրքրված նման նախագծերով։ Դրանց թվում կան ինչպես երկրներ, որոնք հուսալի ատոմակայան կառուցելու փորձ ունեն, այնպես էլ փորձագիտական կազմակերպություններ, որոնք կարող են խորհրդատվություն տալ։ Կամայական երկիր պետք է հետաքրքրված լինի նման նախագծերով, որովհետև ինքը հավելյալ արդյունք է ստեղծում իր երկրի համար։

Որքանո՞վ է Հայաստանի համար հրամայական նոր ատոմակայանի կառուցումը։ Տարիներ շարունակ խոսվում էր արևային էներգետիկան զարգացնելու հնարավորությունների մասին։

Եթե անկեղծ ասեմ, ես մասնակցում եմ քննարկումների, որտեղ հնչում են կարծիքներ, որ մեզ ատոմակայան պետք չի, արևային էներգետիկան պետք է զարգացնել։ Բայց ես պետք է ասեմ, որ ինչպես առկա հզորությունները, այնպես էլ ապագայում ստեղծվելիք հզորությունները դեռևս բավարար չեն քո հիմնական աղբյուրը լինելու համար։

Նույն արևային էներգետիկան ձմռան շրջանում շատ խնդրահարույց է։ Շատերը կարող են ասել, որ ՋԷԿ-երով դա կարող ենք փոխհատուցել, բայց ես կարծում եմ, որ բոլոր այն ներկա սցենարներով, որոնք կան, իհարկե, հասկանալի է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ վերականգնվող էներգետիկայում, իհարկե, այդ էներգետիկան պետք է խթանել, որովհետև դա մեծացնում է մեր էներգետիկ անկախությունը, այնուհանդերձ, դրան զուգահեռ, կարծում եմ, որ այս պարագայում պետք է քննարկվի ատոմակայան ունենալու հարցը։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը որքանո՞վ է լայն հնարավորություն ստեղծում նման նախագծեր կյանքի կոչելու համար։

Հասկանալի է, որ այստեղ հարաբերությունները կարևոր են, այդուհանդերձ, սա տնտեսական նախագիծ է։ Այս առումով այդ բոլոր առաջարկներից պետք է ընդունվի լավագույնը, և այս առումով ես չեմ կիսում, թե առանձնակի վտանգներ կան։ Եվ հիմա մեզ նորից կարող են հակադարձել, թե շատ երկրներ անցում են կատարում արևային կամ այլընտրանքային էներգետիկային։

Նորից ես պետք է վերահաստատեմ, որ այդ երկրները բավականաչափ երկար ճանապարհ են անցել, և երբ մենք դիտարկում ենք, որ մենք ուզում ենք տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության առումով ավելի լուրջ դերակատարում ունենալ, ապա կարծես թե ավելի արդիական է դառնում նոր ատոմակայանի մասին մտածելը, իսկ ով և ինչպես կիրականացի, ինձ համար չափազանց կարևոր կլինի այդ գործընթացի թափանցիկությունը և մրցակցային լինելը։

Եթե դա մրցակցային և թափանցիկ լինի, կա հնարավորություն, որ հայրենական գործարարները, նաև միջինից բարձր եկամուտ ունեցող խավը ոչ միայն այլընտրանք դիտարկի ավանդ տեղաբաշխելը բանկային համակարգում, այլ ընդհուպ մինչև որոշակի բաժնետոմսերի միջոցով ևս մասնակցի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նախագծի ինչպես մոնիտորինգին, այնպես էլ եկամուտների գեներացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել