Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Էդմոն Մարուքյան
14:29 - 19 հուլիսի, 2019

Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պետք է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել։

Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Վերջինով մասնավորապես առաջարկվում է կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգից ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների մասով բացառություն նախատեսել։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքն ընդունվել է 2018թ. մարտի 23-ին և միտված եղել Սերժ Սարգսյանին հարմարեցված և ձևախեղված խորհրդարանական կառավարման, սակայն փաստացի սուպերվարչապետական համակարգի արմատավորմանը։

Քննարկման առարկա հոդվածն ընդգրկվել է այդ օրենքի նախնական տեքստում ու այդպես էլ փոփոխության չի ենթարկվել նոր կառավարության կողմից հեղինակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019թ. մայիսի 08-ի օրենքով։ Ավելին, այն այժմ էլ կիրառվում է գործող կառավարության նիստերի ընթացքում, մինչդեռ օրենքի մակարդակով կարգավորվում են հասարակական կյանքի ամենաէական ասպեկտները։ Այսինքն, եթե որևէ հարաբերության կարգավորումը տրված է օրենսդրական մակարդակով, ապա այն ունի այլ հարաբերությունների համեմատ ավելի մեծ կարևորություն։

Նշյալ օրենքը, սակայն, տարբերակում չի դնում կառավարության նիստում քննարկվող որևէ հարցի մասով. օրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու։ Այսինքն, գործադիր իշխանության ղեկավարը կարող է որոշել, որ կառավարության նիստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված օրենքների նախագծերը քննարկելու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով սահմանափակելով և նսեմացնելով Սահմանադրությամբ այդ սուբյեկտներին տրված լիազորությունը։

Հետևաբար, օրենքների նախագծերը կառավարության նիստում առանց ըստ էության քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է և ներկայացված նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել