Կարևոր հարց կա, որին ուզում են անդրադառնալ: Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է և պահպանվում է ոստիկանւթյան հատուկ բաժնում։ Այսինքն` այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանների և նաև տվյալ անձի` դա որևէ մեկին տրամադրելու համաձայնությամբ, որևէ մեկին տրամադրելու պայմանով։

Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, թե ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և ինքը դատապարտված է եղել։

«Ես ուզում եմ այստեղ արձանագրել որ իրավապահ համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ ինչ-որ փուլում, փոխանակ զբաղված լինեն հետհեղափոխական շրջանում  Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, տվյալ անձը կամ անձինք զբաղվել են ՀՀ պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամաբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից, և ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի։ Ես դիմում եմ ոստիկանության պետին և ԱԱԾ պետին և խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իմ անձին վերաբերող անձնական ինֆորմացիան, որը կարող էր իմ համաձայնությամբ հրապարակվել, դարձել իմ անունը կեղտոտելու կամ մրոտելու առիթ։ Խնդրում եմ ընդունել որպես հայտարարություն, պատրաստ եմ մոտենալ ցանկացած բաժին, խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով է տեղի ունեցել այս արտահոսքը»։

Պապիկյանը նշեց, որ չի մեղադրում լրագորղներին, սակայն իրավապահ մարմիններին հորդորեց ճշտել, թե որտեղից է այս ինֆորմացիոն արտահոսքը։ Վերջինս նշեց, որ պատրաստ է անձամբ մոտենալ բոլոր բաժիններ և գրավոր դիմում ներկայացնել։ 

«Այս արտահոսքը տեղի է ունենում մեկ տեղից կորդինացված, նպատակը՝ իմ գործունեությունը մրոտելը (մասնավորապես այս փուլում այո-ի շտաբը գլխավորելը):  Քանի որ անճար են, որոշել են զբաղվել իմ անվան մրոտմամբ, ու սրանով Սահմանադրական փոփոխություններ կարևոր, առանցքային օրակարգը երկրորդական դարձնել։Դա չի կարող լինել, քանի որ ՀՀ-ում սահմանադրականությունը պետք է լինի վերականգնված, իսկ դրա վերականգնաման միակ ուղին հանրաքվեն է»,- խոսքի վերջում նշեց ՏԿԵ նախարարը ։