panarmenian.net: Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։

Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երկարացնում ենք կարանտինն ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը»,- ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա հավելել է, որ ապրիլի 24-ից հետո էլ կարանտինը կարող է երկարացվել։

Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը չի ենթադրում տնից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։

Ըստ Ուկրաինայի ԱՆ կից հանրային առողջության կենտրոնի՝ երկրում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 113 դեպք կա, 4 մարդ մահացել է։