Ուսուցչանոց [#2] Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում [Երևանի թիվ 8 հիմնական դպրոց]
15:30 - 10 հունվարի, 2020

Ուսուցչանոց [#2] Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում [Երևանի թիվ 8 հիմնական դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։

- Կցանկանայի սկզբում անդրադառնալ Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերին, ինչը շատ քննարկվող է։ Կխնդրեմ ասել ձեր կարծիքը այս դասագրքերի վերաբերյալ։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Ես կարծում եմ, որ դասագրքերի հարցում  մենք ունենք խնդիրներ: Գիտեմ նաեւ, որ հիմա աշխատանք է կատարվում՝ 7-րդ դասարանի գրականության դասագրքի շուրջ են աշխատում: Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում։ Իհարկե, չեն գոհացնում և՛ Հայոց լեզվի, և՛ մայրենիի, և՛ գրականության դասագրքերը։

- Ինչպե՞ս եք տեղեկանում, որ, օրինակ, ինչ-որ դասարանի գրքի շուրջ տեղի են ունենալու քննարկումներ։ Արդյո՞ք նախարարության կողմից կամ ԳԹԿ-ի կողմից պատշաճ ծանուցվում են ուսուցիչները։ Ներառականությունը ինչպե՞ս է տեղի ունենում։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Ես իմացել եմ մեր փոխտնօրենից, թե ինքը որտեղից է իմանում, ճիշտն ասած, չգիտեմ։

- Այսինքն` ուսուցիչները էլեկտրոնային փոստի միջոցով կամ որեւէ փոստային ծառայության միջոցով չե՞ն ծանուցվում կամ դպրոցը ընդհանուր չի՞ ծանուցվում։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Դպրոցը՝ չգիտեմ, միգուցե ծանուցվում է։ Ես իմացել եմ մեր փոխտնօրենից, ինքն է մեզ բոլորիս ասել։

- Ավարտական քնությունների շտեմարանների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ Արդյո՞ք պետք է փոխվեն։ Արդյո՞ք պետք է լրիվ հանվեն։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյան -Շատ սուբյեկտիվ է այդ տեսակ աշխատանքի ստուգումն ու գնահատումը։ Եթե մեզ 9-րդ դասարանի սկզբից հաղորդում են, որ պիտի հանձնեն միասնական քննություն, որքանո՞վ է այն արդարացի։ Դու երեխային պատրաստում ես փոխադրության, քանի որ մյուս տարիներին էլ այդպես է եղել։ Ես կարծում եմ, որ պետք է խելքին մոտիկ ժամանակահատված տրվի։

Եթե գիտելիքների ստուգման տարբերակն այդպիսին է, ուրեմն պահանջեք այդպիսի տարբերակ, բայց տվեք ժամանակահատված, որ ես իմ աշակերտին պատրաստեմ։

Պահանջները տարբեր են․ մի բան է փոխադրության համար պատրաստել երեխային, մեկ
այլ բան` թեստայինի։ Այնտեղ քերականախեղդ տարբերակ է, իսկ այստեղ բոլորը
միացրած եւ մի բան էլ ավելին է։

- Հեշտ է արդյո՞ք համընթաց գնալ երեխաների պահանջներին․ մտածելակերպերի տարբերություն, սերունդների բախում, պահանջներ, տեխնոլոգիաներ, մեխանիզմներ։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Իհարկե, հեշտ չէ, բայց մենք փորձում ենք այդ ամենին իրենց տեսանկյունից նայել, իրենց աչքերով նայել, որովհետեւ ի վերջո մենք գործ ունենք երեխաների հետ։ Մենք և՛ դաստիարակում ենք, և՛ փորձում ենք իրենց որպես աշակերտ տեսնել, փորձում ենք որպես մարդ տեսնել ու փորձում ենք դրա մեջ մեր լուման ներդնել։ Շատ դժվար է, բայց մենք, իհարկե, աշխատում ենք, մենք անընդհատ մեզ վրա էլ ենք աշխատում։

- Ինչպե՞ս եք գնահատում դպրոցի տեխնոլոգիական հագեցվածությունը։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Մերը լավ ենք գնահատում, որովհետև ես վերջերս գնացել էի սեմինարների և հասկացա, թե ինչ դպրոցներ կան, որ  ունեն ընդամենը մեկ դասարան՝ համակարգչով և էլեկտրոնային գրատախտակով։

- Կուզեի նաև խոսել թիմային աշխատանքից։ Դպրոցում ինչպե՞ս եք յուրաքանչյուր հարցի շուրջ ձևավորում թիմ և որոշումներ կայացնում․ կլինի թե՛ մեթոդ-միավորումներով, թե՛ ուղղակի տարբեր առարկաների մեթոդ-միավորումների համագործակցությամբ, թե՛ փոխտնօրեն- ուսուցիչ, տնօրեն- ուսուցիչ։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Մեզ մոտ  շատ արագ է ստացվում, մենք տարբեր հարթակներում ունենք խմբեր։ Եթե մեզ հայտարարում են, որ պիտի տվյալ խնդիրը լուծում ստանանք, լույսի արագությամբ հավաքվում, փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի։ Մենք ունենք խումբ Վայբերում, հիմնական խումբ, դասղեկների խումբ, որտեղ ներկայացվում են բոլոր հայտարարությունները, մեր աշխատանքները, հաշվետվությունները։

Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։

Զրուցել ենք նաև Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալի
Ստեփանյանի հետ։

- Տիկին Ստեփանյան, ինչպե՞ս եք փորձում համակարգել աշխատանքը այսքան բարդ, տեխնոլոգիապես արագ ընթացող դարում և ապահովել երեխաների կրթությունը՝ դարին համապատասխան և արագությանը համապատասխան։

- Ձեր երկար հարցի պատասխանը կարճ է՝ ապահովելով լավ մթնոլորտ։ Կրթական ոլորտը այն ոլորտներից է, որտեղ վերոնշյալն առաջին անհրաժեշտությունն է։ Եթե դպրոցում մանկավարժների միջև կա բարիդրացիական և ճիշտ մթնոլորտ, և այդ կլիման այնպիսին է, որ մանկավարժները սիրով են գալիս դպրոց, կարծում եմ՝ առաջին նախապայմանն է ու հիմնական գրավականը՝  դպրոցի ճիշտ և արդյունավետ աշխատանքի։

 - Պուշկինի անվան դպրոցը բավականին ռեյտինգային դպրոց է։ Կխնդրեմ նշել աշակերտների թիվն այս տարվա համար։ Քանի՞ աշակերտ ունեք, արդյո՞ք շենքային պայմանները, տեխնոլոգիական պայմանները հարմար են աշակերտների թվին։

- Այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 1800 աշակերտ։ Կարող է՝  մի
փոքր ավել լինեն, մի փոքր պակաս, որովհետև շարժն անընդհատ է։ Դպրոցում և՛
գնացողներ կան, և՛ եկողներ։ Շենքային պայմանները տեխնիկապես բավարար են,
որովհետեւ մեր դասասենյակները հագեցած են նորագույն տեխնիկական միջոցներով․
դասասենյակներում ունենք սմարթբորդներ, համակարգիչներ, լաբորատորիաներ ունենք՝
շատ լավ, գործող, տարրական դպրոցը անջատված է հիմնական դպրոցից՝
իր բոլոր ենթակառուցվածքներով։

- Այս տարի դպրոցների ընդունելության կարգը դարձավ առցանց։ Արդյո՞ք կարգի փոփոխության պատճառով հանդիպել եք դժվարությունների։

- Բողոքներ կային, իհարկե, այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-ինչ՝ այդ թվում նաև
տեխնիկական պատճառներով չկարողացան գրանցվել։ Բայց դպրոցի, ԿՏԱԿ համակարգի
եւ ԿԳՄՍ նախարարության ճիշտ համագործակցության արդյունքում բոլոր խնդիրները շտկվեցին, եւ այն ծնողները, որոնք ունեին դժգոհություն եւ իրոք ունեին բոլոր հավաստիքները, որ իրենց գրանցումը տեղի է ունեցել, նախարարությունն էլ, ԿՏԱԿ-ն էլ իրենց ընդառաջ գնացին եւ արդյունքում որեւէ դժգոհ մարդ, որքանով որ ես գիտեմ, չեղավ։

Ինչ վերաբերում է ընթացակարգին՝  շատ պարզ ընթացակարգ էր։ Կարծում եմ՝ ավելի հեշտացրեց դպրոցի տնօրենների աշխատանքը, որովհետեւ շատ անգամ իրոք արդեն դպրոցում տեղ չլինելու պատճառով ստիպված ես մերժել։ Երբեմն լինում են դեպքեր, երբ այդ մերժումը որակվում է որպես սուբյեկտիվ։

- Դուք արդեն երկրորդ շրջանն է, որ սկսել եք կառավարել դպրոցը։ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցան իրադարձություններ, փոխվեցին ոլորտը ղեկավարող անձինք։ Դուք տեսնու՞մ եք փոփոխություն, ի՞նչ է փոխվել գործընթացներում, թեկուզ դպրոց-քաղաքապետարան, դպրոց-ԿԳՄՍՆ համագործակցությունը, փոխհարաբերությունները․ ո՞ր ընթացակարգերն են ավելի հեշտացել, ի՞նչն է Ձեզ համար փոխվել։

- Գիտեք, սա այն ոլորտն է, որտեղ այդ փոփոխությունները շատ արագ նկատելի չեն։
Կրթության ոլորտում բարեփոխումները նկատելի դարձնելու համար նվազագույնը 5-10 տարի պահանջվում է, որպեսզի այն տեսանելի լինի։ Ինչ վերաբերում է
փոխհարաբերություններին, կարծես թե ամեն ինչ շատ ճիշտ եւ լավ կազմակերպված է։
Որեւիցե խոչընդոտ՝ կապված թե՛ շփման, թե՛ ինչ-որ խնդիրների կարգավորման առումով
չկա։

- Ե՞րբ պետք է ղեկավարն իր առաքելությունը ավարտված համարի եւ լքի պաշտոնը,
արդյո՞ք ղեկավարը պետք է լքի պաշտոնը, թե պետք է իրեն հեռացնեն։ 

- Յուրաքանչյուր ոլորտում էլ անձը ունի սուբյեկտիվ մոտեցում իր նկատմամբ, իր
կատարած աշխատանքի նկատմամբ։ Ինքնագնահատականի վրա թողնել անձի
հեռանալու եւ չհեռանալու որոշումը, իմ կարծիքով, սխալ է։ Պետք է որոշի հանրությունը։
Այսինքն, եթե տնօրենը կապված է, աշխատում է աշակերտի, ծնողի եւ մանկավարժների
հետ, որոշումը, թե որ պահին տնօրենը պետք է համարի իր առաքելությունը կատարված, պետք է կայացվի այդ շահառուների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել