Չարաշահումների պատճառով Լոռիում դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից |factor.am|
13:31 - 23 մայիսի, 2019

Չարաշահումների պատճառով Լոռիում դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից |factor.am|

factor.am։ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառն այն է, որ շուրջ 2 տարի դպրոցում չարաշահելով պաշտոնական դիրքը՝ նա աշխատակցի՝ աշխատանքի չհաճախելու արդյունքում յուրացրել է հատկացված աշխատավարձը: Քրեական գործով Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 314-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, շահադիտական դրդումներով դպրոցի տնօրենը ՊՈԱԿ-ի տեխնիկական աշխատակցի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, յուրաքանչյուր ամիս կազմել է աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող՝ աշխատանքի հաճախելիության վերաբերյալ տեղեկագրեր և դրանում ներառել տվյալ անձի աշխատանքային պարտականնությունները պատշաճ կատարելու մասին կեղծ տվյալներ:

Դրանց հիման վրա, որպես աշխատավարձ, անհիմն կարգով ելքագրվել է խոշոր չափերի գումար, որն աշխատակցի փոխարեն տնօրենն անձամբ ստանալով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է»,- տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ելնելով այն հանգամանքից, որ տնօրենն իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանական ցուցմունք է տվել և կամովին հատուցել պետությանը պատճառված վնասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական գործով վարույթը կարճվել է:

Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «Նկատի ունենալով այն, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ոտնահարվել են սովորողների, մանկավարժական այլ աշխատողների օրինական շահերն ու իրավունքները՝ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ձեռնարկելու նշված խախտումների պատճառները պարզելուն ուղղված գործուն միջոցներ, ինչպես նաև լուծելու մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթակելու, նրանց պատասխանատվության հարցը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։ Արդյունքում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ Նառա Մկրտչյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել