Պետբյուջեն թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով, պետք է հստակ գնահատական լինի, թե ինչու․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին |tert.am|
08:44 - 19 հունիսի, 2019

Պետբյուջեն թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով, պետք է հստակ գնահատական լինի, թե ինչու․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին |tert.am|

tert.am։ Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով․ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը նկատեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա իր խոսքն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պետք է հստակ գնահատական լինի, թե դա որքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա։

Թունյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք ծախսերի թերակատարումը պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, և արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրել են։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ թերակատարումը հակաբյուջետային զսպող ազդակի 2,3% է եղել։ Ըստ նրա, հավասարապես եկամուտների գործոնով բացատրվում է դրա կեսից ավելին, մնացածը՝ ծախսերի գործոնով է բացատրվում։

Այն հարցին, թե շեղումները ինչով են պայմանավորված եղել, ֆինանսների նախարարն ասաց, որ կարելի է մեկ գործոն առանձնացնել ու դատողություն անել, բայց հարց է, թե դա ինչքանով է ճիշտ։

Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել են խրոնիկ ցածր կատարողական, բացառությամբ մեկ-երկու տարվա, երբ ընդհակառակը գերակատարում է եղել։ «Այդ պատճառով չեմ կարծում՝ բոլոր տարիների համար պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, դրա համար էլ 2018թ-ի համար էլ առանձնացնել պետք չի, բայց իհարկե դեր ունեցել է»,-ասաց նա և նաև մեկ այլ կարևոր գործոն համարեց այն, որ կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել։ «Որովհետև միշտ ուզում ենք ավելին»,-ասաց նա։

Ավելի պարզ լինելու համար Բաբկեն Թունյանը շեշտեց, որ նշված 2,3%-ը թերակատարումը, հակաբյուջետային ազդակի համար նշանակում է, որ 250 մլն դոլարի չափ արդյունք չի ստեղծվել տնտեսության մեջ։

«Պարզ է, որ ամբողջը չի կարող կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված լինել: Գոնե ասեք՝ ո՞ր մասը, կե՞սը՝ 120 մլն դոլարը, թե կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկերը այս 120-ից ավելին են, կասկած ունեինք, որ կարող է գողանային, դրա համար էլ այս ծախսերը չենք կատարել»,-ասաց Թունյանը։

Նախարար Ջանջուղազյանը նշեց, որ չենք կարող նման բան ասել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել