Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը․ Էդմոն Մարուքյան |aysor.am|
07:40 - 20 հունիսի, 2019

Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am։ 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։

«Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։

Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», - այսօր 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։

Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։

Մարուքյանը առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը ու պնդեց, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։

Մյուս խնդիրը, Մարուքյանը առանձնացրեց դրժված խոստումները. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։

Երրորդ խնդիրը «սևուսպիտակի» բաժանելն է, ներառականությունն է, որը այս կառավարության գործունեության դեպքում չկա։

«Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը և ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի «սևուսպիտակի» բաժանելն է, որը այս քանի օրը Երևանի քաղաքապետը կրկնեց նույնը։

Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղվում։ Կարող էր ավելի լավը լինել, միանշանակ կարող էին արդյունքները լավը լինել, եթե կառավարությունը լիներ լսող, ավելի համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերվեին, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ կամ ժողովրդի պատգամավորի հետ ոնց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանը այլ ժողովուրդ է ընտրել», - հայտարարեց Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք «էքստրաօրդինար» հանգամանքներից ելնելով այս անգամ կողմ են քվեարկելու 2018 թվականի բյուջեի կատարողականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել