Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում

13:08 - 01 հուլիսի, 2019

Հայ ժամանակակից կինոկատակերգությունների մասին խոսելիս հարկ է ի սկզբանե նշել, որ դրանք ուշադրության են արժանի ոչ այնքան որպես արվեստ, որքան մերօրյա ողջախոհությունն ի ցույց դնող՝ զանգվածային մշակույթի արտադրանք։ Հետաքրքիր են հանգամանքները, որոնց ազդեցության ներքո ֆիլմերն ի հայտ են գալիս, ո՛չ թե առանձին վերցրած ֆիլմերը։

Գլխավորապես կծավալվեմ «Սուպեր մամա»-ի շուրջ՝ վերջում հպանցիկ անդրադառնալով մի քանի այլ ֆիլմի։ Այն էկրան է բարձրացել 2014 թվականի մարտի 8-ին և բնորոշվում է որպես «ռոմանտիկ կատակերգություն»։

Այս առումով ակնբախ է նմանությունը հայտնի ամերիկացի ռեժիսոր Սիդնի Փոլաքի «Թութսի» (1982) ֆիլմին, որում Դասթին Հոֆմանի մարմնավորած հերոսը նույնպես դերասան է և կին է ձևանում։ Որոշ դրվագներ և հնարներ ամերիկյան նախատիպի ուղիղ կրկնությունն են, և երկուսի դեպքում էլ ֆիլմը շարժման մեջ են դնում սեռի և սեռականության շուրջ ծագող լարումը, դրանից բխող բազմաթիվ անհարմար և, երբեմն էլ, հումորային իրավիճակները․ կին ձևացող տղամարդը սիրահարվում է կնոջ, որը կասկած անգամ չունի, որ դիմացինը կարող է տղամարդ լինել, և տղամարդիկ էլ, իրենց հերթին, սիրահարվում են տղամարդուն, որը կին է ձևանում։ Սա նշում եմ, որպեսզի շեշտեմ հայաստանցի հեղինակների՝ նոր բան մտածելու և ստեղծագործելու անունակությունը։ Բայց «Սուպեր մամա»-ն ունի մի շարք այլ հատկանիշներ, որոնք, իհարկե, տարբերվում են ամերիկյան նախատիպից։ 

Ֆիլմը հենված է հստակ պատմողական առանցքի վրա․ հիմա քննենք, թե ինչպես է կառուցվում այն: Խաբեբա Կարենը սիրահարվում է վերը նշված բարեգործական կազմակերպության աշխատակից Սոնային, որի հայրը մեծահարուստ է։ Սոնայի և նրա հոր՝ Դավիթի, միջև կոնֆլիկտ կա, քանի որ վերջինս տարիներ առաջ քանդել է մի դպրոց և տեղն առևտրի կենտրոն կառուցել։ Դուստրը չի կարողանում ներել աշակերտներից դպրոցը խլած հորը, իսկ հայրն էլ ջանք չի խնայում, որ վերադարձնի դստեր վստահությունն ու սերը։ Նա այս հարցում միջնորդ է դիտարկում իր աշխատակից Մենուային, որը նաև Սոնայի սիրեցյալն է։ Մենուան էլ, իր հերթին, փորձում է օգտագործել Սոնային, որպեսզի հարմար պահի գողանա նրա հոր ընկերության դրամական միջոցները։ Ինչպես տեսնում եք՝ փողը և դրա շուրջ հյուսվող խարդավանքը ֆիլմը պահող առանցքն է։

Բայց մեզ հետաքրքրում է ոչ թե ֆիլմի պատմությունը (ինչպես հիմա ընդունված է ասել՝ storytelling-ը), այլ դրա հետևում թաքնված գաղափարաբանությունը։ Ուշադրության առնենք իրար ագուցված մի քանի սյուժետային գիծ․

1․ Մեծահարուստ Դավիթը գոլֆ խաղալիս Մենուայի հետ քննարկում է մի գործարք և իմիջիայլոց արտաբերում՝ «Մի միլիոնը բան չի փոխում»։ Ընթացքում Մենուան վազվզում է դեսուդեն և բերում գոլֆի գնդակները։ Այսպես ի հայտ է գալիս հեղինակություն վայելող հարուստ գործարարի կերպարը, որը ֆիլմի զարգացման մեջ աչքի է ընկնում բազմաթիվ դրական կողմերով։ Նա, ի վերջո, կառուցում է նոր դպրոց և հաշտվում դստեր հետ, դստերը օգնում հաշտվել նոր սիրեցյալ Կարենի և բնակարանային խարդախության մեջ վերջինիս շահակից՝ փողոցում մեքենաների ապակիները լվացող և մանր գողություններ անող դեռահաս Տիգրանի հետ։

2․ Խարդախությամբ բնակարան ստանալու նպատակով Կարենն այցելում է “Happy mama” բարեգործական կազմակերպության գրասենյակ, որը ֆիլմի հեղինակները տեղակայել են Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող իրական «Պիացցա գրանդե» համալիրում։ Ուշիմ դիտողի աչքից չի վրիպի, թե որչափ ծախսատար հարդարանք ունի շենքը։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ առնչություն ունի այս դրվագը սոցիալական իրականության հետ։ «Պիացցա գրանդե»-ի կայքում կարդում ենք․

Պիացցա Գրանդե բազմաֆունկցիոնալ համալիրը իր մեջ է ներառում Ա Դասի բարձրակարգ բիզնես կենտրոն` տեղակայված Երևանի սրտում, որն աչքի է ընկնում ժամանակակից ճարտարապետությամբ և նորարարական լուծումներով, զինված է ամենաարդիական տեխնիկական սարքավորումներով: Պիացցա Գրանդե համալիրը նախագծված է ապահովելու Ձեր բիզնեսի համար բացառիկ հարմարավետ աշխատանքային միջավայր:

Լավ հիշողություն ունեցողները նաև գիտեն, որ համալիրը կառուցվել է ապօրինաբար քանդված Սպայի տան շենքի տեղում։ Ինչո՞ւ ապօրինաբար, որովհետև այն ընդգրկված էր պատմամշակութային ժառանգության հուշարձանների ցուցակում։

Դրա շինարարությունն սկսվել է 1839 թվականին․ նախագծված է եղել որպես գավառական ուսումնարան։ Ուսումնարանում 1843-48 թվականներին աշխատել է Խաչատուր Աբովյանը։ 1881-ին այդտեղ բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիան։ 1923-ին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ շենքը դառնում է կարմիրբանակայինների ակումբ։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թվականի հրամանով վերածվում ՊՆ Սպայի տան։ Ավելորդ չէ նշել, որ Սպայի տուն եղած ժամանակամիջոցում շենքում գործում էին տարբեր ուսումնական խմբակներ։

Միանգամից մի քանի հարց է ծագում․ ինչո՞ւ են ֆիլմի հեղինակները՝ անապահով մայրերին բնակարաններ տրամադրող կազմակերպությունը շքեղ բիզնես-կենտրոնում տեղավորել, ինչո՞ւ են նման կազմակերպության գաղափար հղացել առհասարակ, ինչո՞ւ են նրանք շոշափում այս թեման։

Եվ, ի վերջո, եթե փորձենք ֆիլմի պատումը հարաբերել իրականության հետ, ապա ստացվում է, որ ֆիլմի հեղինակները՝ հոր հետ դպրոցի շենքի քանդման պատճառով գժտված դստեր կազմակերպությունը զետեղել են իրակա՛ն բիզնես կենտրոնում, որը կառուցվել է իրակա՛ն կրթական հաստատության շենքի փոխարեն։ Ինչ խոսք, հեգնական է շատ։

3․ Կարենն իր ընկեր վարսավիր Աշոտից կորզում է նրա տան բանալին, որպեսզի երեկույթ կազմակերպի այնտեղ։ Եվ հետագայում էլ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների համար բեմադրություն է իրականացնում՝ ցույց տալով, թե Կարինեի եղբոր տանն ինչ ծանր պայմաններում են ապրում միայնակ մայրն ու նրա որդին։ Արդյունքում բավականին թանկարժեք հարադարանք և կահավորում ունեցող բնակարնն ավերակի է վերածվում։ Բայց մեզ այստեղ նորից մի կոնկրետ հարց է հետաքրքրում․ ինչո՞ւ են ֆիլմի հեղինակները սովորական վարսավիրանոցի աշխատողին նման բնակարանում բնակեցրել։

4․ Սոնան առաջարկում է Կարեն/Կարինեին և նրա որդի ձևացող Տիգրանին ժամանակավոր բնակվել իր շքեղ ամառանոցում, որպեսզի նրանց փրկի Աշոտի տան դժոխային պայմաններից։ Ֆիլմում ոչ մի ակնարկ չկա, թե որտեղի՞ց Սոնային նման ամառանոց։ Եթե հաշվի առնենք, որ նա չի շփվում մեծահարուստ հոր հետ, սա այդքան էլ արդարացված չէ։ Բայց մեզ կրկին ավելի շատ հետաքրքրում է ֆիլմի հեղինակների միտումը․ ինչո՞ւ են նրանք պատմությունը կառուցում այնպես, որ հերոսները գործեն պատերից փող կաթացող միջավայրերում, որտեղ կա նաև ճոխաքանակ սնունդ։

5․ Երբ Կարեն/Կարինեի, Տիգրանի և Մենաույի միջև վեճ է ծագում, Սոնան առաջարկում է գնալ շոփինգի՝ լարվածությունը թոթափելու համար։ Եթե երկուս ու կես րոպե տևողությամբ այս դրվագը համապատասխան տեղերից առանձնացնենք, առանց վարանելու այն կարելի է գործածել որպես տարբեր բրենդերի, մոլերի, դրանցում տեղակայված կինոթատրոնների, սննդի կետերի, ֆոտոկրպակի և այլ աշխարհազվարճ իրերի գովազդ։ Այս դրվագը, թերևս, վերը նկարագրված սյուժետային գծերը և ամբողջ ֆիլմի տրամաբանությունը հասկանալու բանալին է։

«Սուպեր մամա»-ն, ասես, մեկ ժամ քառասուն ինը րոպե տևողությամբ գովազդ լինի․ շինանյութի, դիզայնի, սննդի, հագուստի, ավտոմեքենաների, զանազան ծառայությունների գովազդ, որը վարագուրված է «ռոմանտիկ կատակերգության» հետևում։

Այս ամենը քիչ էր, ֆիլմի վերջում էլ անտուն բախտախնդիրների՝ Կարենի և Տիգրանի, մոտ կարեկցանքի մի խղճուկ շարժում է սկսվում․ նրանք հրաժարվում են բնակարանից, ինչպես նաև մեծահարուստ Դավիթի ընկերությունը փրկում Մենուայի ծրագրած խոշոր դրամաշորթությունից։ Ահա նրանց երկխոսությունից մի հատված․

Կարեն - Տունը ստացվել ա, վաղը պտի գնանք վկայականը վերցնենք։
Տիգրան - Տա՞ն, թե՞ մեր ստորության։
Կարեն - Ի՞նչ ես վրես տենց նայում։ Գիտես՝ ամենա ազնիվը դո՞ւ ես։ Կարո՞ղ ա չեմ հասկանում, որ արածներս արած չի։ Էդ աղջիկը մեր համար ամեն ինչ անում ա, իսկ մենք ոտից գլուխ սուտ ենք։ Գիտե՞ս քանի անգամ եմ ուզեցել էս ամեն ինչին վերջ տամ, էլ չեմ դիմանում էս խաղերին։
Տիգրան - Ամեն դեպքում՝ էս խաղը, աչքիս, իմ համար էլ չի․ ես դուրս եմ գալիս։
Կարեն - Քեզ թվում ա՝ դուրս գալով բան կլուծվի՞։ Չէ։ Էդ հլը մեծ հարց ա՝ մենք Սոնային ավելի շատ ցավ կպատճառենք մեր խաղը շարունակելո՞վ, թե՞ խոստովանությամբ։
Տիգրան - Երկու դեպքում էլ ցավ ենք պատճառելու, բայց ինձ թվում ա՝ ավելի ճիշտ ա ընտրել ազնիվ ճանապարհը։
Կարեն - Համաձայն եմ։ Ու հետո՝ հաստատ կա միայնակ մի մայր, ում էդ տունն ավելի ա պետք։

Ֆիլմի հեղինակները ազնվության պրոպագանդ են մղում և, ընդսմին, ունևորության գովքն անում՝ մոռանալով այդ երկուսի մեկտեղման ճանապարհը ցույց տալ։

Ամփոփելով այս ֆիլմին հատկացված հատվածը՝ մի հարց առաջ քաշենք․ որչա՞փ գիտակցված են հեղինակները գործում։ Առհասարակ ընդունված է ֆիլմերում զանազան ապրանքներ գովազդելն ու դրա դիմաց գումար ստանալը, և պարզ է, որ այստեղ էլ դրա որոշակի դրսևորման հետ գործ ունենք, սակայն «Սուպեր մամա»-ի անձնակազմն առանձնահատուկ կոպտությամբ և հորդ եռանդով է դա անում։

Վերն արդեն նշեցինք, որ ամբողջ ֆիլմնը կարծես մեծ գովազդ լինի․ ահա ա՛յս առումով, թերևս, հեղինակներն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց արածի ինչ լինելը, որովհետև հետսովետական հասարակությունում սպառողականությունն արդեն հասցրել է բույն դնել հասարակության ծալքերում և դառնալ ողջախոհության անբաժանելի մասը։ Սպառողականությունն այլևս նորմալ բան է, ավելին՝ նույնիսկ հաճելի։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ ֆիլմը յություբում ունի շուրջ 12 միլիոն դիտում՝ մոտ վեց անգամ ավելի, քան, օրինակ, մեկ այլ պրոպագանդիստական նախագիծ՝ «Կյանք ու կռիվ»-ը։

Այժմ հպանցիկ անդրադառնանք մի քանի այլ ֆիլմի․ սովետական շրջանից կինոյում և գրականության մեջ լայնորեն կիրառվող՝ ռուս կնոջ և հայ տղամարդու սիրավեպի մոտիվը դեռևս շարունակում է կենդանի մնալ։

Ակնհայտ են զուգահեռները «Սուպեր մամա»-ի հետ․ այստեղ նույնպես ամեն ինչ պտտվում է փողի շուրջ, բայց վերջում հերոսների խիղճը տեղի է տալիս և նրանք իրոք սիրահարվում են, իսկ Եկատերինայի քրոջ ամուսնու՝ կտակված փողերին տիրանալու դավադիր ծրագիրն էլ ձախողվում է։ Չմոռանանք արձանագրել, որ այս ֆիլմում նո՛ւյնպես որոշ դրվագներ գովազդի են նման և ջանասիրաբար ներկայացնում են, թե ինչ առավելություններ կունենա Հայաստան այցելող զբոսաշրջիկը։

Խնդրո առարկա երրորդ ֆիլմը՝ վերջերս էկրան բարձրացած «Արև, սարեր ու սեր»-ը, բնորոշվում է որպես «կատակերգական մելոդրամա», և դրա մեջ նույնպես առկա է վերը նշված չարչրկված մոտիվը․ մոսկվայաբնակ աղջիկը թյուրիմացաբար ենթադրում է, որ իր հայրը գյուղում բնակվող մի հայ նկարիչ է և որոշում գնալ Հայաստան ու վրեժ լուծել նրանից՝ իրեն և մորը լքելու դիմաց։ Եվ, իհարկե, նրա և մի հայ երիտասարդի միջև սիրավեպ է ծագում։

Հայաստանը ֆիլմում ներկայանում է դհոլ-զուռնայով, ինձ անհայտ նշանակության ծիսակատարություններով և տուրիստական գրավչությամբ։ Ֆիլմը լիովին վերարտադրում է հայերի մասին ռուսական կարծարատիպերը․ մարդիկ ծայրահեղ հյուրասեր և բարեսիրտ են, բայց մի քիչ հիմար։ Եվ, իհարկե, այստեղից էլ որոշ դրվագներ հեշտությամբ կարելի է կտրել և որպես գովազդ գործածել։ Մի խոսքով՝ և՛ այս, և՛ նախորդ ֆիլմը առանց խղճի խայթի կարելի է բնորոշել որպես «տուրիստական կատակերգություն»։

Վերջին ֆիլմը, որին կանդրադառնամ, հայ-ամերիկյան «Կորած- մոլորվածը Հայաստանում» (2012) կատակերգությունն է։ Թուրքիայում հանգստացող ամերիկացի զբոսաշրջիկն անհեթեթ պատահարի արդյունքում պարաշյուտով վայր է գալիս Ադրբեջանի սահմանին կից գտնվող մի հայկական գյուղ, որտեղ նրան լրտեսի տեղ են ընդունում։ Բացի ամերիկացուց և արձակուրդներին տուն եկած և անգլերեն իմացող մի ուսանողուհուց, ֆիլմի մյուս կերպարները գրեթե խելապակասներ են, որոնք անգլերենը թուրքերենից չեն տարբերում և խիստ գավառական վարք են դրսևորում։

Ֆիլմի գագաթնակետն այն դրվագն է, որտեղ գյուղի ներսում տարաձայնություններ և վեճեր ունեցող հայերը ամերիկացու օգնությամբ և միահամուռ ուժերով ազատվում են ընդհանուր թշնամու՝ ադրբեջանցիների գերությունից։ Այստեղ տեղին է նշել, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարի համահեղինակը, ինչպես նաև գլխավոր դերակատարուհին նախկին երևանաբնակներ են, որոնք մանկության օրերին տեղափողխվել են ԱՄՆ։ Միտքը, կարծում եմ, պարզ է։ Այս ֆիլմում, ի տարբերություն ռուսական կողմնորոշում ունեցողների, տեղերը փոխված են․ հայ աղջկա և ամերիկացի տղայի միջև է սեր ծագում, բայց հայուհին հրաժարվում է հեռանալ հայրենիքից (ի տարբերություն նրա դերը ստանձնած դերասանուհու)։ Սենատորի որդի հերոսն օդակայանում մտքափոխ է լինում և որոշում մնալ Հայաստանում։

Գուցե հարց ծագի, թե արդյոք ընդհանրապես արժե այս ֆիլմերի մասին խոսել։ Ես ինքս այդ հարցն ինձ տվել եմ և վերջնական պատասխանը չունեմ։ Բայց նաև ակնհայտ է, որ հայկական զանգվածային մշակույթը և, հատկապես, մեծ ժողովրդականություն վայելող «Սուպեր մամա»-ն, մեկնաբանության կարոտ են․ հետազոտողները պետք է կարողանան բացատրել, թե ինչ և ինչու է հետաքրքրում լայն զանգվածներին։

Եզրափակելով ասեմ, որ հայ ժամանակակից կինոկատակերգություններ դիտելը, ինչ խոսք, շատ տխրեցնող գործ է։

Դավիթ Ստեփանյան, վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել