armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասաց՝ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»:

Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում