ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|
16:37 - 10 մարտի, 2020

ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաջարանում բավականին մեծ բազմություն էր հավաքվել՝ լսելու «Այո»-ի քարոզչական խմբի ելույթները: Այս մարդկանց ծափերի եւ վանկարկումների ներքո էլ ՀՀ վարչապետը սկսեց ելույթը` ինչպես Մեղրիում, այստեղ եւս ընդգծելով, որ ընտրվելուց հետո 3-րդ անգամ է Քաջարանում, ինչը նշանակում է, որ ընտրությունից ընտրություն չի, որ այցելում են:

Վարչապետը քաջարանցիներին տեղեկացրեց, որ Մեղրիում խոսել է այն մասին, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը օկուպացրել Սահմանադրական դատարանը, ուստի իր խոսքը սկսում է հենց այդ կետից:

Իսկ ի՞նչ խնդիր կա ՍԴ մյուս անդամների մասով: Ձեւակերպելով այս հարցը՝ Փաշինյանը որպես պատասխան հիշեցրեց Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը, երբ դիմել էին ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապական վարույթ հարուցելու հարցով:

«Էդ միջնորդությունը հետեւյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի մեկի վերաբերյալ, եւ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը:

Այնուհետեւ նա անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած հետաքննությանը, որով պարզվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, ՍԴ-ում Մարտի 1-ի հետ կապված գործի քննության ընթացքում բազմիցս ելումուտ է արել ՍԴ-ում եւ նրա ելումուտը չի վերահսկվել:

«Ոստիկանները բացատրություն են տվել եւ ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ եւ այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետեւաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է ցույց տալ, որ ՍԴ-ին Հայաստանում որեւէ մարմին չի կարող որեւէ բան ասել, բայց ՀՀ-ում կա մի սուբյեկտ, որ սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, տալ գնահատական եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է:

Ըստ նրա՝ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից:

«Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, որովհետեւ իշխանության պատկանելությունը որոշում է ժողովուրդը»,- նկատեց Փաշինյանը եւ շարունակեց.

«Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետեւ այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաեւ առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել