Սահմանադրությամբ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումները բացակայում են․ Նարեկ Ներսիսյան #FreeZone
09:36 - 05 հուլիսի, 2019

Սահմանադրությամբ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումները բացակայում են․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

2015թ.-ի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները նոր էին սկսվել, բայց այն արդեն հարցեր էր առաջացնում։ Գլխավոր հարցն այն էր, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը, և արդարացիորեն նկատվեց, որ ընդունման օբյեկտիվ անհրաժեշտության բացակայությունը մեխանիկորեն հանգեցնելու է սուբյեկտիվ շահի առկայության:

2005թ.-ին ընդունված Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա 114-րդ հոդվածի փոփոխությունն արդեն իսկ խոսակցությունների տեղիք էր տալիս առ այն, որ սա ոչ թե գործող սահմանադրության փոփոխություն է, այլ լրիվ նոր Սահմանադրության մշակում և պարտադրում:

Ողջամիտ կասկածներ կային, որ այսպես կոչված նոր սահմանադրությունը կոչված է վերջնականապես ուզուրպացնել ամբողջ քաղաքական դաշտը և ստեղծել կուսակցական մենաշնորհ: Դրա մասին էին խոսում նաև սահմանադրության նախագծում առկա հոդվածները, որոնց մենք կանդրադառնանք ստորև:

Խոսակցություն կար, այդ թվում՝ նաև նաև այսօրվա կառավարող ուժի շրջանում, որ 2015թ.-ի սահմանադրությունը կարված է մեկ մարդու հագով, և մենք ունենք Հյուսիսային Կորեային համարժեք միակուսակցական երկիր դառնալու բոլոր հնարավորությունները։ Սա էր նաև այն հիմնական քաղաքական պատճառը, որ քաղաքացիական գիտակցությամբ օժտված բոլոր քաղաքացիները ընդվզեցին հիմնական նոր օրենքի դեմ:

Բոլորի համար ակնհայտ էր, որ սահմանադրական փոփոխությունները անցկացվելու են, և հանրաքվեն կեղծվելու է հօգուտ քաղաքական մենաշնորհի, և նախագիծը, առանց մեր համաձայնության, արհեստականորեն որոշելու է մեր համակեցության կանոնները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ այն դեռևս մինչև հանրաքվեի դրվելը հայտարարվեց դելեգիտիմ: Այսպես՝ 2018թ.-ի հեղափոխական իրադարձությունների մասնակիցները միակարծիք էին, որ սահմանադրությունը լեգիտիմ չէ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք ունենա իր կողմից ընդունելի անձնագիր:

2018թ.-ի այս օրերից շատերի համար արդեն պարզ էր, որ սահմանադրական փոփոխություններ մոտ ապագայում դժվար թե լինեն, եթե այս պարտադրված համակեցության կանոնները իրենց արդյունավետությամբ այլ բան չապացուցեն:

Եվ ահա, սկվեց այն, ինչ կանխատեսվում էր․ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, որը Սահմանադրական դատարանի նոր ընտրված դատավոր Վահե Գրիգորյանի կողմից անգամ անվանվեց սահմանադրական ճգնաժամ: Սակայն այս պահին Վահե Գրիգորյանը, ով ժամանակին խիստ կասկածի տակ էր առնում սահմանադրական փոփոխությունները, վերջերս կառավարող ուժին ուղղված մի տպավորիչ առաջարկ արեց, որը մեզ կգոհացներ, եթե չլիներ մեկ բայց՝ ամեն ինչ անել այս սահմանադրությանը իրավական ուժ հաղորդելու համար:

Դեռևս 2015թ.-ին մի խումբ իրավաբաններ, այդ թվում՝ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, սահմանադրությունների փաստացի և իրավական կողմը վերլուծելով նշում էին՝

  • «Սահմանադրությունն իր բովանդակությամբ կարող է շատ ժողովրդավարական լինել և միաժամանակ իրականությանը չհամապատասխանող՝ ամբողջությամբ կամ առանձին դրույթներով։ Նման պարագայում սահմանադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրական է, կեղծ»:
  • «Օրենքը այն գլխավոր երաշխիքը չի, որ անձանց իրավունքները կպաշտպանվեն,  այլ գլխավոր երաշխիքը օրինական և արդար ընտրությունների արդյունքում իշխանության եկած այն բարոյական անձանց քաղաքական կամքն է, ովքեր ունակ են և պատրաստ են երաշխավորելու յուրաքանչյուրի հավասարությունը օրենքի և դատարանի առջև»:

Չնայած վերը նշված իրողությանը՝ այլևս չենք անդրադառնա սահմանադրության դելեգիտիմ լինելու հարցին և առանց հատուկ իրավական տերմինաբանության կվերլուծենք այսօրվա սահմանադրության այն մասը, որին չի անդրադարձել փաստաբանների խումբը 2015թ.-ին։

Հիմնականում վեր կհանենք իրավական և քաղաքական անկատար ինստիտուտները, որոնք կարող են այս կամ այն ձևով մարտահրավեր նետել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի դրույթները սահմանում են միավորման իրավունքի ազատությունը՝ ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը:

Չնայած նրան, որ Սահմանադրությամբ միավորման ազատության իրավունքը դիտարկվում է աշխատանքային իրավունքի անքակտելի մաս, սակայն միաժամանակ այն սահմանափակվում է որպես աշխատանքային շահերի պաշտպանության միջոց, որի նպատակով իրավունք է ընձեռնվում ստեղծել արհեստակցական միություններ և անդամագրվել դրանց:

Այսինքն՝ Սահմանադրությամբ միավորման ազատության իրավունքը սահմանափակված է աշխատանքային շահով և դիտարկվում է միայն որպես պաշտպանության միջոց: Այսպիսի կարգավորումը արդեն իսկ հնարավորություն չի ընձեռում լիարժեք իրագործել միավորման միջոցով աշխատողների արհմիություն ստեղծելու, ազատ անդամագրվելու իրավունքը, օգտագործել արհեստակցական միություններին ընձեռնված լայն գործիքակազմը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, սոցիալական գործընկերության, հետևաբար նաև Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետությանը բնորոշ գործառույթները:

Միանշանակ է, որ Սահմանադրությամբ սահմանված միավորման ազատության իրավունքը պետք է համապատասխանի միջազգային իրավական ակտերով ամրագրված չափորոշիչներին և չպարունակի արհեստական սահմանափակումներ: Ըստ էության՝ միավորման իրավունքի նվազագույն նպատակը պետք է հանդիսանար ներկայացման, աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերի սպասարկման և պաշտպանության միջոցի առկայությունը:

Սրանից էլ իր հերթին բխում է, որ Սահմանադրության 45-րդ հոդվածը չի բխում իր իսկ 1-ին հոդվածից, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է նաև սոցիալական պետություն: Միավորման ազատության սահմանափակումն էլ թույլ չի տալիս թե՛ պետությանը, թե՛ իրավունքի մյուս սուբյեկտներին լիարժեք իրականացնել սոցիալ-տնտեսկան քաղաքականություն, որն այսօր էլ տեսանելի խնդիրների առջև է կանգնած:

Բացի այդ՝ հավաքների և կուսակցություն ստեղծելու իրավունքը պետք է ներառված և պաշտպանված լինի, բխի միավորման իրավունքից, որի իրավական նշանակությունը, այդ թվում՝ նաև տառացի մեկնաբանության տեսանկյունից, հարցեր չպետք է առաջացնի(Սույն Սահմանադրության խնդիրներից է նաև իրավական բարդ լեզուն, որը ոչ իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացու համար կարող է տարբեր մեկնաբանման և տարընթերցման տեղիք տալ, որն անընդունելի է):

Բայց այն, որ պետք է միավորվել, հետո կուսակցություն ստեղծել, թե հավաքի մասնակցել առանց միավորման, դարձավ երկրոդական, երբ շարունակեցինք հետագա դիտարկումը։
Այսպիսով՝ նախագահի պաշտոնանկության, ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերի, կամ մահվան դեպքում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հստակ կարգավորվում է/հոդված՝ 144/։

Ի տարբերություն դրա՝ Սահմանադրության 152-րդ հոդվածը միակն է, որը անդրադառնում է վարչապետի բացակայության պայմաններում գործադիր իշխանության կառավարմանը: Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ»:

Ինչպես տեսանք, նշված հոդվածով ընդամենը կարգավորվում է վարչապետի բացակայության հարցը, իսկ վարչապետի պաշտոնանկության, ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերը սահմանադրությամբ չեն կարգավորվում:

Հետևաբար բնական հարց է ծագում՝ ինչպես պետք է կարգավորվեն հիշյալ դեպքերը․ գնալ նոր ընտրությունների, թե փոխվարչապետին կարգել կառավարության ղեկավար, թե ցրել կառավարությունը և Ազգային Ժողովի կողմից նոր վարչապետի ընտրություն սկսել: Թվարկածից ոչ մեկը:Սահմանադրության մեջ կառավարության ղեկավարի, այն է՝ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումներն ուղղակի բացակայում են, և այդ դեպքերում հայտնի մուլտֆիլմից մեզ կմնա միայն ասել՝«Куку! Мой мальчик»:

Սա դեռ այն պայմաններում, երբ մենք ենթադրաբար գտնվում ենք արտաքին խաղաղ համակեցության պայմաններում: Իսկ պատերազմի ժամանա՞կ:

Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

Առաջին հայացքից վատ չէ, բայց, եթե մի պահ ընդունենք, որ զինված ուժերի անհետաձգելի կիրառման անհրաժեշտություն կա, իսկ վարչապետը ծանր հարբուխով հիվանդ է և ժամանակավորապես գրել չի կարող, իսկ փռշտոցի հաճախականությունը հնարավորություն չի տալիս բանավոր հրահանգ տալու, ապա ի՞նչ: Վերը նշվածի հետ համադրեք և գնահատեք ինքերդ․ ոչինչ, ուղղակի զինված ուժերի անհապաղ կիրառման հարցը հոդս կցնդի:

Սրան էլ գումարենք նույն՝ 155-րդ հոդվածի 4-րդ մասը, որն էլ մեզ ասում է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Ենթադրում եմ, որ ձեր մոտ էլ կորավ շարունակելու ցանկությունը: Դե ես էլ չեմ շարունակի, քանի որ հնարավոր և հավանական աղետն ակնհայտ է:

Միայն ավելացնեմ, որ վերը նշված հնարավոր իրավիճակները պատկերացնելիս բացակայում է շարունակելու, քննարկելու և իրավական գնահատական տալու ցանկությունը նույն սահմանադրությամբ նախատեսված գերվարչապետի կերպարին, հետո՝ այն հանգամանքին, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը նախարարություն պետք է դառնան, թե ոչ, և վերջապես՝ Սահմանադրական դատարանում պետական բյուջեից սնվողները անդամներ են, թե՞...

Որոշեք ինքներդ, թե այսպիսի սահմանադրություն պետք է մեզ, թե ոչ և եթե այո, ապա ո՞ւմ և ինչպե՞ս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել