hetq.am: ԱԺ- Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամփոփում են հեռավար դասապրոցեսի մեկշաբաթյա աշխատանքը։ Ունեն 80 % եւ ավելի աշակերտների մասնակցություն, որը ըստ նախարարի՝ հավասար է հունվար-փետրվարի հաճախումներին։ «Կան խնդիրներ. աշակերտների մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիությունը։ Մենք դոնորների եւ անհատների, կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունենում, որոնք նշեն են՝ կարող են համակարգիչներ տրամադրել»,- այս մասին տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը։ 

Ինտերնետ հասանելիություն ապահովելու վերաբերյալ հայտնեց. «Օպերատորները արագ աշխատում են , եւ տրաֆիկը նման կայքերի համար չեն հաշվում եւ սոցիալապես անապահովները, որոնք վճարումների հետ կապված խնդիրներ կունենան, չեն վճարի նշված կայքերի մուտքերի համար», - նշեց նախարարը։

Ըստ նրա՝ ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ։ Ըստ Հարությունյանի՝ այն հարթակները, որոնք տրամադրվել են, շատ հեշտ են գործածվում։

Այն հարցին, թե արդյոք լինելու են լրացուցիչ դասընթացներ ուսումնական տարվա ավարտից հետո, Հարությունյանը պատասխանեց. «Երկու շաբաթների արդյունքում կամփոփվի՝ արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, թե ոչ։ Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, որ եթե անգամ լրացուցիչ դասերի կարիք լինի, շատ քիչ դասեր են լինելու», - հավելեց նախարարը։

Տեխնիկա եւ ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների թվի վերաբերյալ հայտնեց, որ այսօր երեկոյան ամփոփվելու են տվյալները։