Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի լեգիտիմության մասին |lragir.am|
14:02 - 14 հունիսի, 2019

Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի լեգիտիմության մասին |lragir.am|

lragir.am: Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա լրագրողներին ասաց, որ կոնկրետ մեկ պատգամավոր դեռ վստահ չէ, իրեն կընտրի, թե ոչ, բայց ընդհանուր քննարկման մթնոլորտը դրական էր:

Նախքան հանդիպումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իրենց մտահոգում է Վահե Գրիգորյանի շարունակական պնդումն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ: Զոհրաբյանն ասել էր, որ եթե Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, ուրեմն իրենք այսօր բարձրացնելու են հարցը, որ այս ամբողջ գործընթացը լեգիտիմ չէ:

Վահե Գրիգորյանն ի պատասխան լրագրողներին ասաց. «Ես կրկնեցի այն, ինչ ասել եմ և ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ: Ես քննադատել եմ չորրորդ նախագահի՝ պառլամենտի կողմից ընտրվելու կարգը: Եվ անկախ նրանից, թե փաստաբան Վահե Գրիգորյանը ինչ կարծիք ունի այդ ընտրության կարգի իրականացման սահմանադրականության հետ կապված, չորրորդ նախագահի լեգիտիմությունը չի քննարկվում մեկ իրավաբանի կարծիքով»:

Նա հավելեց, որ այս ուղղությամբ այլ միտումներ է նկատում:
«Ես կոմպրոմատային պայքար եմ նկատում այստեղ: Ուրեմն մարդիկ, պետական կառույցներ, քաղաքական խմբակցություններ, կուսակցություններ, որոնք ժամանակին այս հարցերը կարող էին բարձրացնել, երբեք չեն խոսել այս մասին:

Անցել է որոշ ժամանակ, գործողություններից ու գործունեությունից որոշ ասպեկտով դժգոհ, ակնալիքները չարդարացված վիճակում մարդիկ գնում ու վեր են հանում խնդիրներ, որոնց լուծումը, եթե իսկապես խնդիր էին համարում, իրենց տիրույթում էր:

Իրենք երբեք չեն լուծել, և հիմա գալ կանգնել ու ասել՝ չորրորդ նախագահը ոչ լեգիտիմ է, եթե որևէ խմբակցություն այս պառլամենտում նման դիրքորոշում ունի, նա առաջին հերթին իր մադատները վայր դնելու խնդիր ունի: Այս պառլամենտը ընտրված է այդ նախագահի հրամանագրով նշանակված ընտրություններով, և ընդհանրապես ՀՀ-ն պառլամենտական հանրապետություն է դարձել չորրորդ նախագահի երդմնակալության պահից»,- ասաց Վահե Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել