Վահե Գրիգորյանն առաջխաղացման ցուցակում չի եղել․ Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրում է փաստերը |fip.am|
14:15 - 18 հունիսի, 2019

Վահե Գրիգորյանն առաջխաղացման ցուցակում չի եղել․ Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրում է փաստերը |fip.am|

fip.am: Ազգային ժողովում հունիսի 18-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ ծառայելուն զուգահեռ Արցախի զինվորական դատախազությունում աշխատելու վերաբերյալ։

«Ես, ճիշտն ասած, մի քիչ էլ հեռու գնացի ու փորձեցի Ձեր նշանակման փաստաթղթերը գտնել ու հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99 թ. Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված` դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ, հետաքրքրվեցի, դա, պարզվեց, հենց առաջխաղացման ցուցակն է, այսինքն՝ 99 թ. Դուք արդեն առաջխաղացում ունեցաք…»,— հայտարարեց Գորգիսյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ այդ նույն ցուցակում, բացի Վահե Գրիգորյանի անունից, կա Միշա Գրիգորյան անունով անձ։

«Եթե չեմ սխալվում, Միշա Գրիգորյանը Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր` այս համակարգում լինելը նաև օգնել է Ձեզ այս բացառիկ ձեռքբերումներում»,- հարցը եզրափակեց Գորգիսյանը։

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ իր հայրը բանվոր մարդ է եղել, իսկ մայրը հաշվապահ է։

«Այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի… Ես չգիտեմ Դուք ինչ ցուցակ եք ասում, ես ընդհանրապես որևէ դատախազների առաջխաղացման ցուցակում չեմ կարող լինել»,— հայտարարեց Գրիգորյանը։

Fip.am-ը որոշեց ուսումնասիրել Գորգիսյանի նշած փաստաթղթերը և պարզեց, որ պատգամավորը մանիպուլյացիաներ է իրականացրել։

Arlis.am իրավական տեղեկատվական համակարգում որոնելով՝ գտանք 1999 թ. հունվարի 11-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված երկու հրամանագիր, առաջինը՝ դատախազների պիտանիության 1999 թ. ցուցակը հաստատելու, երկրորդը՝ դատախազների ծառայողական առաջխաղացման 1999 թ. ցուցակը հաստատելու մասին։

Գորգիսյանն իր խոսքում մեջբերում է պիտանիության ցուցակը, որտեղ, իսկապես, կա Վահե Միշայի Գրիգորյանի անունը՝ 103-րդ համարը։ Սակայն այս ցուցակը որևէ կապ չունի դատախազների առաջխաղացման ցուցակի հետ, ինչպես պնդում է Գորգիսյանը։ Արդեն նշել ենք, որ նույն օրը նախագահը ստորագրել է դատախազների առաջխաղացման մասին առանձին ցուցակ, որտեղ Վահե Միշայի Գրիգորյան անունը չկա։ Եվ Գևորգ Գորգիսյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հոր՝ Միշա Գրիգորյանի անվան առկայությանն այդ ցուցակում, ապա սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Ցուցակում նշված Միշա Գրիգորյանի հայրանունը Գարեգին է, սակայն Վահե Գրիգորյանի հոր հայրանունը Սերգեյ է։

Հատկանշական է, որ քիչ առաջ Aysor.am կայքը հրապարակել է Գևորգ Գորգիսյանի մեջբերած փաստաթուղթը՝ նյութում գրելով. «Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումնասիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ դատախազների առաջմղման ցուցակի 103-րդ համարը հենց ՍԴ դատավորի ներկայիս թեկնածու Վահե Գրիգորյանն է»,- կայքը ևս մանիպուլյացիա է իրականացրել՝ պիտանիության ցուցակը ներկայացնելով որպես առաջխաղացման ցուցակ։

Մանրամասները՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել