Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը․ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան |azatutyun.am|
16:23 - 03 ապրիլի, 2020

Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը․ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 3-ին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին։ Դեսպան Բալայանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիների, նրանց հայրենիք վերադարձի հնարավոր ուղիների, նիդերլանդահայ համայնքում տիրող իրավիճակի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ-նիդերլանդական օրակարգին:

Խոսելով Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների մասին՝ Տիգրան Բալայանը նշել է. «Կան քաղաքացիներ, որոնց չվերթները չեղարկվել են, մուտքի արտոնագրերի ժամկետները խախտվել են, իսկ վերջիններս այս պահի դրությամբ դեռ այստեղ են և բնակվում են հարազատների տներում։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել տեղական իշխանությունների, մասնավորապես՝ միգրացիոն ծառայության հետ, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո հնարավոր լինի երկարաձգել վիզաների ժամկետները։ Նրանք, ովքեր կցանկանան անմիջապես մեկնել, օդանավակայանում կներկայացնեն չվերթի չեղարկման ապացույցները և առանց որևէ խոչընդոտի կլքեն Նիդերլանդների տարածքը։ Մինչ այս պահը մենք օժանդակել ենք տարբեր չվերթներով շուրջ հինգ տասնյակ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցում»։

Անդրադառնալով ապրիլի կեսերին ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդների Թագավորություն նախատեսվող այցին, դեսպան Բալայանը նշել է․ «Այցը չի չեղարկվել, այլ հետաձգվել է, քանի որ հստակ էր, որ այն միջոցառումները, որոնք նախատեսվել էին վարչապետի պաշտոնական այցելության ընթացքում, ներկայիս պայմաններում չեն կարող իրականացվել։ Այդ միջոցառումների շարքին են դասվում Հայաստանի պատմության մասին խոշոր ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև այլ զանգվածային միջոցառումներ։ Այցի նոր ժամկետները դեռ չեն քննարկվել, կարծում եմ՝ իրավիճակի կայունացումից հետո մենք արագ կերպով այդ ժամկետները կհամաձայնեցնենք նիդերլանդական կողմի հետ»։

Խոսելով ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության բացման ժամկետների վերաբերյալ՝ դեսպան Բալայանը նշել է․ «Ինչպես տեղյակ եք, Հայաստան կատարած այցի ընթացքում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բլոկը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հանձնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանություն հիմնելու մտադրության վերաբերյալ պաշտոնական հայտագիրը, որով հայցվում էր հայկական կողմի համաձայնությունը։ Հայկական կողմի համաձայնությունն արդեն կա։ Կան արարողակարգային ընթացակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Իհարկե, կարծում եմ, այս իրավիճակը դեսպանության բացման ժամկետների վրա ևս ազդեցություն կունենա։ Այնուամենայնիվ, ամենակարևոր աշխատանքն արդեն արվել է. դեսպանության բացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն  նախատեսված են։ Չնայած դեսպանության բացումը ծրագրված էր տարվա առաջին կեսին, սակայն կհետաձգվի, և հուսով եմ՝ այս տարվա ընթացքում տեղի կունենա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել