Վարչապետը ներկայացրեց բյուջետային եկամուտներն ու ընդգծեց հարկային կարգապահության կարևորությունը |armenpress.am|
13:11 - 02 ապրիլի, 2020

Վարչապետը ներկայացրեց բյուջետային եկամուտներն ու ընդգծեց հարկային կարգապահության կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ հարկային հավաքագրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե նշվի, որ 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով։ 

«Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել։ Եվ 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով: Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան:

Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերն ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին։ Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ, և ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսավարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, ինչպես նաև ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար։ 

Կառավարության ղեկավարը կրկին ընդգծեց, որ այս ճգնաժամը ոչ թե պետք է հարկային կարգապահությունը նվազեցնելու առիթ դառնա, այլ ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա։ «Եվ ուզում եմ անդրադառնալ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությանը, որ կա՝ թե մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում ու հավաքում:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարկերը գոյանում են դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում։ Այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն։ Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում։

Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ ընդհակառակը, պետք է ուժեղանա։ Առավել ևս այս ճգնաժամային պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել