Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը։

«Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։ Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը… Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով», գրել է Պետրոսյանը եւ ավելացրել.

«Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ»։

Կադաստրի կոմիտեի նախկին պետը նշել է. «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։

Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս «զրպարտելու» համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։