Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|
09:37 - 29 ապրիլի, 2020

Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։ Այս մասին Ավինյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։

«Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։

ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։

«Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր և կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։ ՀՀ փոխվարչապետը նաև անկեղծացավ և ընդգծեց, որ անձնական խնդիրներից է եղել այն, որ ընտանիքին բավարար չափով չի տեսել, սակայն իր կարծիքով այդ հանգամանքը հասկանալի է և ներելի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել