Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին
12:00 - 12 հունիսի, 2019

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները:

ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրվել հայկական ընկերությունների մրցունակության աճի, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման և մի շարք այլ ուղղություններով հետազոտական խմբի առաջարկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է կիրառական գիտությունների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ պետական կառավարման համակարգում:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված կրթության, գիտության և տնտեսության ոլորտների փոխկապակցվածության զարգացմանը, ինչպիսին է, մասնավորապես, «Աշխատիր Հայաստան»-ը, ուստի՝ փորձագիտական խմբի եզրակացությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրերը կատարելագործելու առումով:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: Մասնակցիներն անդրադարձել են միջազգային լավագույն փորձի և Հայաստանի հնարավորությունների համադրմանը, ինչը կարող է ծառայել երկրի տնտեսական և գիտակրթական կարողությունների մեծացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել