Տիգրան Խաչատրյանը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի հետ քննարկել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությունը |tert.am|
13:54 - 13 նոյեմբերի, 2019

Տիգրան Խաչատրյանը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի հետ քննարկել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությունը |tert.am|

tert.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Վադիմ Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Նա կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը և բավականին տպավորիչ համարել վերջիններիս զարգացումը։

Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն արդեն ծավալում են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում, զարգացման և ակտիվության էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Նա կարևոր է համարել ազատ տնտեսական գոտու արդյունավետության բարձրացմանն ուղղված ավելի ակտիվ քայլերի իրականացումը՝ կազմակերպությունների կողմից հետաքրքրության մեծացման և ներդրումների ներգրավման տեսանկյունից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել