ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոնյանը երեկ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով պարետի որոշմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման առանձնահատկությունները, նշեց, որ սահմանված նորմերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին։

Նա, մասնավորապես, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի տնից դուրս գալիս պետք է լրացնի արտակարգ դրության ժամանակ իր տեղաշարժի մասին հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։

Սուրեն Քրմոյանը, պատասխանելով armeniasputnik.am կայքի լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ սահմանափակումները նաեւ լրագրողների՞ն են վերաբերում, նախ նշեց, որ ցանկացած քաղաքացու պարագայում ցանկալի է նվազագույն տեղաշարժ։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ողջ ինֆորմացիան մաքսիմալ հասանելի է լինելու առցանց հարթակներում, եւ բոլոր սահմանափակումները կիրառվելու են նաեւ լրագրողների պարագայում։

Հարկ է նշել, որ սա ոչ թե Քրմոյանի անձնական մեկնաբանությունն է, այլ Պարետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ N 16 որոշման հիման վրա արված պարզաբանում։ Նշյալ որոշման առաջին կետի համաձայն՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանված է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։  

Որոշմամբ լրագրողների համար որեւէ բացառություն սահմանված չէ։ Մնացած բացառություններին կարող եք ծանոթանալ փաստաթղթում։

Փոխվարչապետի խորհրդականի ասուլիսից հետո՝ երեկ երեկոյան, վարչպետի աշխատակազմին կից Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում՝ նշելով, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե նրանք ունենան բեյջեր։ Մովսիսյանը գրառման մեջ հավելել է, որ լրացրած ձեւաթուղթ, կամ ձեւաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ պետք է լինի քաղաքացիների դեպքում։

Այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ եթե լրագրողները ցույց տան աշխատանքային բեյջերը, ձեւաթուղթը պարտադիր չէ․ իրենք այդպես են հրահանգավորել ոստիկաններին։

Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հայտնած տեղեկությունները հակասում են պարետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմանն ու վերջինիս խորհրդական Սուրեն Քրմոյանի մեկնաբանությանը։

Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս Infocom-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց Սուրեն Քրմոյանի մեկնաբանությունն ու եւս մեկ անգամ նշեց, որ Պարետի որոշման համաձայն՝ սահմանափակումները եւ հատուկ ձեւաթուղթը լրացնելու պարտադիր պահանջը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ նրանից՝ աշխատանքային բեյջ կա, թե ոչ։

Հովհաննես Մովսիսյանից եւ ոստիկանությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Փաստացի ստացվում է, որ պաշտոնյաները կամայական մեկնաբանություններով են հանդես եկել։ Սակայն պաշտոնական փաստաթուղթն այս պարագայում Պարետի համապատասխան որոշումն է։ Ըստ այդմ՝ հիմնվելով այդ որոշման վրա՝ լրագրողները եւս պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ ձեւաթուղթը։

Հետգրություն․ Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը մեր գրավոր հարցին, թե որ պաշտոնական աղբյուրի հաղորդած տվյալների հիման վրա է նման գրառում կատարել, պատասխանեց, որ քանի որ սահմանափակումների մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցնում էին՝ ինչպես են աշխատելու, այդ պահին որոշեցին լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար նրանց հնարավորություն տալ։ Բայց, Մովսիսյանի խոսքով, քանի որ պարզվեց վերջնական որոշումով նման առավելություն չի կարող լինել, հիմա լրագրողները նույնպես պետք է լրացնեն ձևաթուղթը։

Հայարփի Բաղդասարյան