Քշիշտոֆ Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ
18:59 - 29 մարտի, 2020

Քշիշտոֆ Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ
Պենդերեցկու մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Խոր ցավ ենք ապրում․ այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։

Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն: Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ պատիվ և հաճույք էր 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։

Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն։

Խորապես ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել