armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 «կողմ», 3 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: