172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|
17:33 - 03 ապրիլի, 2020

172 անձանցից եղել են նաև վարակակիրներ, որ հոսպիտալացվել են սահմանային կետերից․ ԱԱՏՄ ղեկավար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց, որ տեսչական մարմինը տնտեսվարողների շրջանում իրականացրել է 257 մշտադիտարկման և 100-ից ավելի իրազեկման աշխատանքներ։ Տեսչական մարմնի ղեկավարը նշեց նաև, որ իրենց հորդորով ջերմաչափվող անձանց համար պահվում է մատյան, որտեղ գրի է առնվել, թե ժամը քանիսին են ջերմաչափվել և ինչքան ջերմություն են ունեցել աշխատողները։

Թեև բժշկական դիմակների վերահսկողությունը մարմնի գործառույթներից դուրս է՝  բայց լրագրողների հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ մի քանի օր առաջ Պարետատան նիստին առաջարկվել է համակարգել, այժմ էլ դիմակների ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի տեխնիկական կանոնակարգը։

«Մեր մշտադիտարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ սուպերմարկետներում հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, որը մեր կողմից որպես նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում։ Աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, որովհետև դրանք պատրաստված են այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։

Հակոբ Ավագյանը, անդրադառնալով վերջին օրերին գրանցված կորոնավիրուսով վարակվածների մեծ թվին, նշեց, որ դրանց մի մասը «ներմուծված» է դրսից, մեր հայրենակիցներն են իրենց հետ բերել։ Ամսի 24-ից մինչև այսօրվա հերթափոխի ավարտ 172 ուղևոր անմիջապես  հոսպիտալացվել է հենց 7 սահմանային հսկիչ կետերից։

«172 հոսպիտալացվածների մեջ եղել են վարակակիրներ, որոնք հոսպիտալացվել են հենց սահմանային կետերից՝ Զվարթնոց օդանավակայանից, Բագրատաշենից, հետո մենք իմացել ենք, որ այդ մարդկանց մոտ հաստատվել է վարակի առկայություն»,- նշեց Ավագյանը։

Նրա խոսքով՝ ուղևորափոխադրման քանակը կտրուկ նվազել է, երեկ «Զվարթնոցում» արձանագրվել է 0 ուղևորափոխադրում։

«Հիմա առաջատարը Բագրատաշենն է։ Երեկվա հերթափոխով ասեմ, 186 մարդ է անցել, այդ թվում՝ բեռնատար մեքենաների վարորդներ։ Նրանց մոտ եղել են դեպքեր, որ օտարերկրյացիներ են եղել, որոնց մոտ մենք ախտանիշներ ենք հայտնաբերել ու հոսպիտալացրել ենք ու այսօր նրանց մոտ հայտնաբերվել է վարակի ախտանշաններ, և նրանք հոսպիտալացված են ԲԿ-ներում»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել