2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|
12:02 - 21 փետրվարի, 2020

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2019 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) աճը, ըստ նախնական տվյալների՝ 7.6 տոկոս է կազմել. բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

2018-ին ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.2 տոկոս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դա վատ ցուցանիշ չէ եւ հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է ՀՀ-ում նման աճ արձանագրվել: Ավինյանը պատասխանեց, որ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ:

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե ՀՆԱ-ի աճը 2019-ին եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թ. համար»,- ասաց վարչապետը:

Շաբաթներ առաջ անկախ փորձագետները կանխատեսել էին, որ Հայաստանի տնտեսական աճը 2019-ի համար կլինի 8.2 տոկոս, իսկ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ի աճը կլինի 8 տոկոս:

Թեմայի վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 7.6 տոկոս ցուցանիշը, եւ արդյո՞ք սա այն էր, ինչ ակնկալվում էր:

- Տնտեսական ակտիվությունը գնահատող մեկ այլ ցուցանիշ՝ ՏԱՑ-ը, որը եւս հրապարակվել էր, 7.8 տոկոս էր կազմում: ՏԱՑ-ը եւ ՀՆԱ-ն սովորաբար շատ քիչ շեղում են ունենում ու սովորաբար ՀՆԱ-ն մոտ 0.2 տոկոսային կետով ավելի քիչ է լինում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ես ինչքանով տեղեկացված եմ, ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ ներկայումս արտացոլված է ավտոմեքենաների ներմուծումը, բայց  դրա այն հատվածը, որն օրինակ արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ՝ որոշակիորեն արտացոլված չէ: Դա ապագայում մեթոդաբանական շտկումներ է ենթադրում: Եթե մենք դիտարկում ենք այն ազդակները, որը տվել էր ՏԱՑ-ը, կարելի էր ակնկալել, որ ՀՆԱ-ն գտնվելու է այս շրջանակներում: Նաեւ միջազգային կառույցներն էին ՀՀ տնտեսության համար կանխատեսումներ արել՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նրանք ընդհանուր բարձրացման ֆոնին՝ ավելի զուսպ աճ էին կանխատեսում: Իսկ սա նշանակում է, որ վերջին եռամսյակում մենք ավելի դրական զարգացում կարողացանք ունենալ:

- Վարչապետը շաբաթներ առաջ գրել էր, որ անկախ փորձագետների կարծիքով 8.2 տոկոս տնտեսական աճ կունենանք եւ հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ն կլինի 8 տոկոս: Ինչո՞ւ այս ցուցանիշը չստացանք:

- Եթե դուք ուսումնասիրեք միջազգային կառույցների կանխատեսումները զարգացած եւ զարգացող երկրների՝ ինչպիսին Հայաստանն է, վերաբերյալ, կտեսնեք, որ զարգացող երկրների համեմատ նրանց կանխատեսումների շեղումը բավականաչափ բարձր է: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը՝ տեխզինվածության մակարդակի բարելավման ուղղությամբ ավելի բարձր ցուցանիշ ունենալու հնարավորությամբ: Երկրորդը, որ այդ տնտեսությունները որպես կանոն չափազանց փոքր են, եւ որոշակի դրական մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ՝ կանխատեսվածի ու փաստացի ցուցանիշների առումով:

Փորձագետներ կային, որ ժամանակին ասում էին Հայաստանը ռեցեսիայի (տնտեսական անկում) մեջ է: Այս դեպքում էլ ունենք փորձագետներ, որոնք էլ ավելի լավատեսական թվեր են հնչեցնում: Կարծում եմ, որ այս փորձագետների համար կազուսային էր համարվում այն, որ հնարավոր է շտկվի մեթոդաբանությունը եւ ՀՆԱ-ի ցուցանիշների մեջ ներառվի  ավտոմեքենաների արտահանումը:

- Այլ երկրներում 7.6 տոկոս տարեկան ՀՆԱ-ի աճը ինչպիսի՞ ցուցանիշ է համարվում:

- Եթե ուսումնասիրենք Եվրոպայի տարածաշրջանը՝ վստահաբար մենք կլինենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցած երկրներից: Բայց կարծում եմ, որ ինչպես ներկա կառավարության՝ այնպես էլ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր են դրա որակական բաղադրիչները: Այսինքն՝ ի տարբերություն նախկինում գրանցված աճերի, այստեղ այդ տնտեսության դրական զարգացումներից օգտվելը շատ ավելի ցցուն տեսանելի է եղել ու ավելի մեծ քանակով շահառուների մեջ է բաշխվել: Հեռուն չգնանք՝ ճանապարհների վիճակը, աշխատավարձային քաղաքականության փոփոխությունները, պաշտպանական բնագավառի որակական փոփոխությունները եւ զբոսաշրջային ոլորտի բարձր աճի տեմպերը: Սրանք այն ուղղություններն են, որոնք 2020 թ. շարունակական են լինելու: Այսինքն՝ մասնակցայնությունն այդ աճից օգտվողների՝ ավելանալու է:

- Սա նշանակո՞ւմ է, որ 2020 թ. ՀՆԱ-ի աճն ավելի բարձր կլինի:

- Այս պահին կանխատեսումը մոտավորապես 4.9 տոկոս է: ՀԲ-ն 5.2 է կանխատեսում: Սա պայմանավորված է նրանով, որ դեռեւս այն ծախսերը, ինչն իրականացնում ենք՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտում, ապագա աճերի հնարավորություններն են մեծացնում: Մի տարի կարող ենք ունենալ դրական զարգացումներ, ավելի բարձր աճ, բայց դրա շարունակականությունը եւ երկարաժամկետությունը վտանգված լինի:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել