hetq.am: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով կառավարությունը կհատկացնի  շուրջ 3  մլրդ դրամ, որից՝

  • 1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ը բնակելի տան շինարարություն, 9-ը՝ բնակարանների գնման վկայագիր(ԲԳՎ)
  • 988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ,
  • 143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։

«Դեռևս 2018 թվականի պետական բյուջեով  հատկացված 46 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով։ Հատկացված միջոցներից կային տնտեսումներ, ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է։

2019 թվականի  պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվեց և լուծման ընթացքում է։

2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի նոյեմբերին հատկացվեց 1 մլրդ 290 մլն դրամ այդ աշխատանքները մեկնարկեցին և այս տարի կավարտվեն»։ Այս մասին կառավարության մայիսի 7-ի նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պարտականություններն իրականացնող Արմեն Ղուլարյանը։

Բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար՝ տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների  շինարարությունը, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ՝ կիրառելով և տեղայնացնելով արդեն իսկ հաստատված տիպային նախագծերը:

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նախընտրում են ԲԳՎ,  և 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ․ «Տների համար այս տարի կմկներակենք շինարարական աշխատանքները։ Ըստ էության սա 2018 թվականից մեկնարկած աղետի գոտում իրականացվող պետական ծրագրի ավարտական  փուլն է»։

Իրականացվող աշխատանք­նե­րը կազմակերպվում են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ վեր­ջի­նիս համաձայնությամբ՝ մարզպետների աշխատակազմերի և կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա։