Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան
14:54 - 08 մայիսի, 2020

Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր տեղի ունեցած միջադեպից հետո վերսկսեց իր աշխատանքերը։ Նիստի սկզբում ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը, ով մեղադրեց իշխող ուժին տեղի ունեցածի վերաբերյալ որևէ արձագանք չտալու համար։

Մարուքյանն իր խոսքում մասնավորապես ասաց․

«Այն միջադեպը, որ տեղի ունեցավ դրանից անցել է մոտավորապես 3 ժամ։ Մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։ Ես կարծում եմ , որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխոթյան հռչակված արժեքները։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Եթե  կասեք, որ 1996 թվականին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, կամ մեկ այլ թվականին,  ես չեմ հիշում, որ խմբակցության ղեկավարին հետևից, կողքից խփեն։ Ասելիքս հետևյալն է, այն ինչ եղել է քաղաքական է և պետք է ունենա քաղաքական գնահատական, քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա իր գնահատականը։ Մենք ակնկալում ենք գնահատական՝ թե՛ իշխող ուժի արձագանքը, թե այլ ուժերի՝ հասարակական սեկտորի այն քաղաքական գնահատականները որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»։

Մարուքյանը սակայն հավելեց, որ  միայն քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել։ Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ, և այն ինչ տեղի է ունեցել մեծ հաշվով հեղափոխության առաջնոդրի  պռոբլեմն է։

«Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում ՝ կախված քաղաքական գնահատականներից  և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց Մարուքյանը։

Վերջինիս ելույթի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել