Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|
13:27 - 12 մայիսի, 2020

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը:

«ՄԻՊ ինստիտուտը վերջնակապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,-ասաց նա:

Վարդանյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրերի մասին: Նա դա համարեց չափազանց կարևոր: Պատգամավորը նկատեց, որ նաև աննորմալ կլինի, որ ՄԻՊ-ի ելույթը ԱԺ-ում պարզապես արժանանա ծափողջույնների, և որևէ հարցադրումներ չհնչեն: Նրա կարծիքով՝ դա կխոսի այն մասին, որ ժողովրդավարության հետ խնդիրներ կան:

Պատգամավորը շեշտեց՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն նկատեց՝  հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ աելի կարևոր է: «Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու հիշեց՝ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից: Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները:

Թաթոյանը, անդրադառնալով Վարդանյանի ելույթին, վստահեցրեց՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակը փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց՝ նաև քաղաքացիների մոտ պետական ապարատի նկատմամբ ակնկալիքները բարձրացան, քաղաքացին հասկացավ, որ իր կամքով կարող է հասնել սկզբունքային փոփոխությունների երկրում: Թաթոյանը հիշեց՝ հեղափոխության օրերին իսկապես շատ ակտիվ է աշխատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել