Բուժաշխատողները կյանքի ու մահվան պայքար են մղում, մինչդեռ Իրանի կառավարությունը անտեսում է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները
12:50 - 13 մայիսի, 2020

Բուժաշխատողները կյանքի ու մահվան պայքար են մղում, մինչդեռ Իրանի կառավարությունը անտեսում է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը և հոգևոր առաջնորդները երկրում կորոնավիրուսային վարակի բռնկման սկզբնական շրջանում անտեսել վարակը և թաքցրել իրական թվերը։ Ներկայացնում ենք Associated Press-ի հոդվածը։

 

Բուժաշխատողները համարվում են հերոսներ, իսկ նրանց մահացած գործընկերները՝ նահապատկներ։ Սակայն Իրանում կորոնավիրուսային վարակի աճող թվերի դեմ պայքարող բժիշկների ու բուժքույրերի համար այսպիսի պարգևները հնչում են որպես դատարկ խոսքեր։

Չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանը պատրաստ չէր դիմակայելու արագորեն տարածվող վարակին, բուժաշխատողների մի մասն ասում է, որ վարակի տարածման մեղավորները երկրի կառավարությունը և հոգևոր առաջնորդներն են, որոնք թաքցրել են վիրուսի տարածման արագությունն ու ուժգնությունը։

Իրանի բուժաշխատողներն ասում են, որ իրենք մնացել էին անպաշտպան վարակի առջև։ Արդյունքում Իրանում բազմաթիվ բժիշկներ ու բուժքույրեր դարձան կորոնավիրուսի զոհ։ Կորոնավիրուսի առաջին պաշտոնական դեպքին հետևող 90 օրերի ընթացքում օրական առնվազն մեկ բուժաշխատող էր մահանում, տասնյակները վարակվում էին։

«Մենք արագորեն սլանում ենք դեպի կործանում», - ասել է սպահանցի մի երիտասարդ բժիշկ, որը անցկացնում է համապատասխան ախտանշաններ ունեցող հիվանդների զննում մինչև նրանց հիվանդանոց ուղղորդելը։

Գաղտնիք չէ, որ Իրանը մեծապես տուժել է կորոնավիրուսից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում մոտավորապես 100 000 մարդ է վարակվել, 6 500-ը՝ մահացել։ Սակայն Իրանի մեջլիսին կից փորձագետների տվյալների համաձայն՝ իրական թվերը կարող են 8-10 անգամ ավելի լինել՝ Իրանը դարձնելով աշխարհում վարակակիրների թվով առաջիններից մեկը։ Նրանց հաշվետվության մեջ ասվում է, որ մահացած մարդկանց թիվը կարող է առողջապահության նախարարության պաշտոնական թվերից 80 տոկոսով ավելի լինել՝ կազմելով շուրջ 11 700։

Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Իրանի ողջ տարածքում նկատվում է վարակվածների ու մահացածների թվերի նազում, սակայն, միևնույն ժամանակ, ամբողջ երկրում ընդլայնվում են գերեզմանատների տարածքները։ Օրինակ, Թեհրանի քաղաքային իշխանությունները նշում են, որ ամենամեծ գերեզմանատանը՝ Բեհեշթ է-Զահրայում, ստիպված են եղել մոտ 10 000 նոր գերեզմանատեղ ավելացվել։

Associated Press-ի լրագրողը, որը բնակվում է Կահիրեում, հարցազրույցներ է անկացրել Իրանի ավելի քան 30 բուժաշխատողի հետ, ուսումնասիրել տարբեր հարթակներում  բժիշկների հաղորդակցությունները և այլ փաստաթղթեր։ Այս համապարփակ ուսումնասիրությունը բացահայտել է բազմաթիվ, մինչ այդ անհայտ փաստեր՝ ցույց տալով Իրանի իշխանությունների անհամապատասխան ու անկազմակերպ արձագանքը կորոնավիրուսին։

Վարակի սկզբնական փուլում բուժաշխատողներն ունեին սահմանափակ թվով սարքավորումներ։ Նրանցից մի քանիսն ամեն երեկո տանը՝ խոհանոցային ջեռոցներում, լվանում կամ ախտահանում էին իրենց ձեռնոցներն ու դիմակները։ Ոմանք աշխատանքի ժամանակ փաթաթվում էին խանութներից գնված պլաստիկե տոպրակներով։

Սակայն ձեռագործ պաշտպանիչ միջոցները չէին օգնում։ Իրավիճակն ավելի վատացավ, երբ առողջապահության նախարարը հայտարարեց, որ նախարարության պատվիրած մի քանի միլիոն պաշտպանիչ միջոցները գողացել են սև շուկայում վաճառելու համար։ Արդյունքում տասնյակ բուժաշխատողներ մահացան՝ չունենալով անհրաժեշտ պաշտպանություն։

Բազմաթիվ բուժաշխատողներ նշում են, որ Իրանի առաջնորդները շաբաթներ շարունակ չէին խոսում վարակի մասին, մինչդեռ հիվանդանոցները լեփ-լեցուն էին կորոնավիրուսի ախտաննշաններ ունեցող հիվանդներով։ Թեև բժիշկներն ու այլ փորձագետներ զգուշացնում էին Իրանի նախագահին, որ անհրաժեշտ է ձեռնարկել վճռական քայլեր, կառավարությունը չէր արձագանքում՝ վախենալով, որ դա կանդրադառնա ընտրությունների, ազգային տոների ու տնտեսության վրա։

Բոլոր բժիշկները, որոնք հարցազրույց են տվել Associated Press-ին, համաձայնել են խոսել միայն գաղտնի մնալու պայմանով՝ վախենալով հետապնդումներից։ Հարցազրույց տված բժիշկներից մեկն ասել է, որ կառավարությունն իրեն ու իր գործընկերներին անգամ հորդորում էր չկրել պաշտպանիչ միջոցներ, որպեսզի խուճապ չառաջանա։

Մարտի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին կորոնավիրուսի դեմ պայքարում մահացած բոլոր բուժաշխատողներին անվանեց «նահատակներ»։ Վարակված բժիշկների լուսանկարները դրվել էին 1980-ական թթ․ Իրաքի հետ արյունալի պատերազմի ժամանակ զոհված զինվորների լուսանկարների կողքին։

Իրանի մի խումբ բժիշկներ ցուցակ էին կազմել, ըստ որի, վարակի առաջին գրանցված դեպքից ի վեր, 126 բուժաշատող է մահացել հիմնականում Գիլանում ու Թեհրանում, իսկ 2 070 հոգուց ավելի՝ վարակվել։ Associated Press-ի խմբագրությունը կարողացել է նույնականացնել մահվան 100 դեպք՝ համեմատելով տեղական լրատվամիջոցների հրապարակումները, առողջապահական կառույցների տվյալներն ու ցավակցական նամակները։

Իրանի առողջապահության նախարար Կիանուշ Ջահանպուրը Associated Press-ին հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 բուժաշխատող, 470 հոգու մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Սակայն դրա համար Ջահանպուրը մեղադրել է ԱՄՆ-ին․

«Հիշե՛ք, այս երկիրը պատժամիջոցների է ենթարկվում»։

Իրանը կորոնավիրուսի առաջին երկու դեպքերի մասին հաղորդել է փետրվարի 19-ին։ Դեպքերը գրանցվել են Քոմ քաղաքում, որը Թեհրանից 140 կմ հարավ է։ Շիաների սրբավայր Քոմը դառնալու էր կորոնավիրուսի վարակի բռնկման էպիկենտրոն։

Հայտարարությունն արվել է որոշակի ճնշումներից հետո։ Մոհամմեդ Մոլեի անունով մի բժիշկ նկարահանել է իրեն և անկողնին գամված եղբորը՝ պնդելով, որ եղբոր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս տեսանյութի նկարահանումը համընկել է առողջապահության նախարարության պատվիրակության՝ Քոմ կատարած այցելության հետ։

Սակայն մեր զրուցակից բժիշկներն ասել են, որ մինչև պաշտոնական հայտարարությունը իրենք հիվանդների մոտ կորոնավիրուսի ախտաննշաններ են նկատել և զգուշացրել առողջապահության ոլորտի պատասխանատուներին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։

Մի քանի բժիշկներ մեզ տրամադրել են նախարարությանն ուղղված իրենց նամակները։ Բժիշկները սկզբում ասել են, որ հիվանդների մոտ շնչառական խնդիրներն ու մահացության դեպքերը վերագրում են H1N1 գրիպին։ Օրեր անց, երբ վարակի ու մահվան դեպքերն արտասովոր շատացել են, նրանք սկսել են պահանջել, որ անցկացվեն H1N1-ի ու այլ հիվանդությունների անալիզներ։

«Տելեգրամ»-ի ալիքների միջոցով նրանք տեղեկություններ էին փոխանակում։ Նրանք առողջապահության նախարարությանն առաջարկությունների և գործողությունների շարք են ներկայացրել։ Առաջարկներից ամենագլխավորը կարանտին հայտարարելն ու Չինաստանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը սահմանափակելն էր։ Բայց Իրանի կառավարությանը պետք եղավ ևս երկու շաբաթ՝ քայլեր ձեռնարկելու համար։

«Մենք կառավարությանը հսկայական ծավալի տեղեկություններ ենք տրամադրել և՛ նամակների, և՛ կապի ալիքների միջոցով», - պատմել է Մազանդարայում գտնվող մի բժիշկ-ակտիվիստ։ Նրա խոսքով՝ կառավարությունն անտեսում էր իրեն և այլ բժիշկների։

Առաջին դեպքի մասին հայտարարելուց երկու օր անց Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել քվեարկությանը մասնակցելու համար։ Նույն օրը Գիլանի (Իրանի ամենաշատ տուժած շրջաններից մեկը) բժիշկները օգնության կոչով դիմեցին նահանգապետին՝ ասելով, որ իրենց հիվանդանոցները ողողված են հիվանդներով, իսկ իրենք ունեն դիմակների և պաշտպանիչ այլ միջոցների պակաս։

«Նահանգի բուժաշխատողներին հսկայական վտանգ է սպառնում», - գրված էր բժիշկների ուղարկած նամակում։

Բայց կառավարությունը նվազեցնում էր վարակի վտանգավորության աստիճանը՝ բժիշկների՝ կարանտին հայտարարելու մասին կոչերն անվանելով «միջնադարյան», և շրջանառում էր որևէ հիմք չունեցող դավադրության տեսություններ, թե իբրև կորոնավիրուսը ստեղծել են ամերիկյան իշխանությունները՝ վախի մթնոլորտ առաջացնելու համար։

Բուժաշխատողները պատմում են, որ ինված Հեղափոխական բանակը (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս)  խիստ վերահսկողության տակ էր վերցրել բուժհաստատությունները, իսկ բժշկական տեղեկատվությունը համարվում էր հույժ գաղտնի։

Մահվան վկայականներում կորոնավիրուսը չէր նշվում որպես մահվան պատճառ։ Սա արվում էր ոչ միայն այն պատճառով, որ ոչ բոլոր ծանր դեպքերում էր թեստավորում անցկացվում, այ նաև նրա համար, որ թվերը փոքր լինեին։ Հազարավոր մահերի դեպքում որպես պատճառ նշվում էին երկրորդական հիվանդությունները, ինչպիսիք են սրտի կաթվածը կամ շնչառական անբավարարությունը

Թեհրանից մի բժիշկ պատմել է, որ առողջապահության նախարարը կարգադրել է ծանր հիվանդներին չուղղորդել հիվանդանոցներ թեստավորման՝ այսպիսով ապահովելով ավելի ցածր ցուցանիշներ։

«Կարծում ենք, որ նրանք ուզում են ցույց տալ, թե լավ են աշխատում», - ասել է բժիշկը։

Թեհրանում աշխատող մի ռենտգենելոգ պատմել է, որ իր ձեռքի տակ են հայտնվել Թեհրանի մի քանի հիվանդանոցների այցելուների հիվանդությունների պատմությունները, որտեղ ներառված են եղել  ռենտգենի արդյունքների պատճեններ և կորոնավիրուսի թեստ անելու ուղեգրեր, սակայն այդ թեստերը չէին արվել։

Ըստ բժշկի՝ նման պատկեր էր նկատվում այցելուների մոտ 40 տոկոսի դեպքում, սակայն դա դժվար է ապացուցել։

«Իրանում կորոնավիրուսի հայտնվելուց մինչև այս պահը երկրում վարակվել է ավելի շատ մարդ, քան պաշտոնապես հաղորդվել է», - ասում է բժիշկը՝ համաձայնելով մեզ հետ զրուցած այլ բուժաշխատողների հետ։

Նրա գնահատմամբ՝ իրական թվերը պաշտոնական թվերից երեք-չորս անգամ ավելի են։

Իրանում հիվանդանոցները դարձել էին վարակի բուն, մինչդեռ երկրում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ և ազգային տոնակատարություններ․

  • Խորասանում բժշկագիտության դպրոցի տնօրեն Ալի Ասղարը, որն իր աչքով է տեսել, թե ինչպես են հիվանդանոցներն ընդունում կորոնավիրուսով վարակված հիվանդներին, տեղական լրատվական գործակալությանը պատմել է, որ փետրվարի 19-ից մինչև ապրիլի 4-ը 600 հոգի է մահացել կորոնավիրուսից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև մարտի 22-ը մահածների թիվը կազմում է 42։
  • Գոլեստանում առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա ԱբդոլՌեզա Ֆազելը լրատվամիջոցներին հաղորդել է, որ մինչև ապրիլի 2-ը 230 հոգի մահացել է կորոնավիրուսից, մինչդեռ կառավարությունը հաղորդել է վարակի պատճառով մահվան ընդամենը 10 դեպքի մասին։
  • Սպահանի բժշկական դպրոցի տնօրեն Թահերեհ Չանգիզը IMNA լրատվական գործակալությանը պատմել է, որ մահացածների ընդհանուր թիվը հասնում է 400-ի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է ընդամենը 87 հոգի։
  • Ըստ բժշկական ոլորտի մի պաշտոնյայի և երկու բժշկի հաղորդած տվյալների՝ Գիլանում մահացածների թիվը գերազանցում է 1 300-ը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտի 22-ի դրությամբ մահացածների թիվը չի գերազանցում 200-ը։

«Գիլանը բացարձակապես պատրաստ չէր։ Սա ուղղակի աղետ էր», - ասել է մի ֆիզիկոս։

Մեկ այլ բժիշ պատմել է․

«Առաջին շաբաթների ընթացքում համակարգն ուղղակի փլուզվեց, հիվանդները քնում էին միջանցնքերում, բժիշկները սստիպված էին ծանրագույն որոշումներ կայացնել»։

Շաֆայի հիվանդանոցում աշխատող մի բուժքույր պատմել է, որ մահացող հիվանդներին անջատում էին թոքերի արհեստական շնչառության սարքերից, որպեսզի այլ հիվանդներին միացնեն։

«Մահվան վկայականները լրացվում էին, երբ մարդիկ դեռ կենդանի էին», - պատմում էր բուժքույրը։- Վկայականներում բժիշկները որպես մահվան պատճառ նշում էին «սրտի կաթված» կամ «շնչառական անբավարարություն»։

Թեհրանի մի հոգեբան պատմել է Associated Press-ին, որ բազմաթիվ բուժաշխատողներ ստացել են հոգեբանական տրավմաներ։ Մահացող հիվանդների պատկերները նրանց մեջ առաջացնում էին մեղքի խորը զգացողություն, ինքնասպանության մասին մտքեր, խուճապային գրոհներ (panic attack)։

Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Գոլ Ռեզային մարտի 29-ին սոցիալական մեդիայում հրապարակել էր մի հոլովակ, թե ինչպես է ինքը փորձում աշխատեցնել մահացող հիվանդի սիրտը, սակայն ապարդյուն։

Բժիշկը «Տելեգրամում» գրում էր, թե ինչ է վերջին պահին ասել մահացողը․

«Բժի՛շկ, եթե ես մահանամ, ասե՛ք ամուսնուս, որ հոգ տանի երեխաների մասին։ Նա այնքան անհոգ է ու անզգույշ»։

Ռեզային պատասխանել էր կնոջը, որ նրա մոտ պարզապես մրսածություն է, և նա դեռ 120 տարի էլ կապրի։ Մի քանի ժամ անց կինը մահացել էր։

Բուժաշխատողների աչքերի առաջ կորոնավիրուսի զոհ էին դառնում նաև իրենց գործընկերները։

Երբ Գիլանի նահանգային կենտրոն Ռաշտում հիվանդության բռնկում եղավ, հիվանդները ողողում էին քաղաքի ամենահայտնի բժիշկ Մուհամմադ Բախշալիզադեհի կլինիկան։ Բախշալիզադեհը հաճախ էր անվճար բուժում աղքատներին, նա նաև նահանգում բժիշկների առաջին մասնագիտական միության հիմնադիրն է, կամավոր է եղել Իրաքի հետ պատերազմի ժամանակ։

Վարակի բռնկման ժամանակ 66 տարեկան բժիշկն օրական միջինը 70 հիվանդ էր հետազոտում, դա անում էր հիմնականում առանց պաշտպանիչ միջոցների։

Քոմում առաջին երկու պաշտոնական դեպքերի մասին հաղորդելուց մեկ շաբաթ անց Բախշալիզադեհի ջերմությունը բարձրացավ, նրա շնչառությունը սկսեց դժվարանալ։ Առաջին թեստը հստակ պատասխան չտվեց։ Երկրորդ հետազոտությունը ցույց տվեց, որ բժշկի թոքերը ախտահարված են։

Նա շրջում էր հիվանդանոցից հիվանդանոց, մինչև որ նրան հաջողվեց ազատ մահճակալ գտնել։ 4 օր անց՝ մարտի 7-ին, Բախշալիզադեհը մահացավ։

 

Աղբյուրը՝ apnews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել