Շարֆը կարող է դիտարկվել որպես ինքնաշեն դիմակ․ Ավինյանը խոսեց նաեւ տրանսպորտից օգտվելու պայմանների մասին
 |armtimes.com|
21:01 - 14 մայիսի, 2020

Շարֆը կարող է դիտարկվել որպես ինքնաշեն դիմակ․ Ավինյանը խոսեց նաեւ տրանսպորտից օգտվելու պայմանների մասին |armtimes.com|

armtimes.com: Հնարավոր է, որ մարդը շարֆով փաթաթված դուրս գա տանից ու դա դիտարկվի որպես ինքնաշեն դիմակ։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կտորից ցանկացած բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու, կարող է դիտարկվել որպես դիմակ։ Ավինյանի խոսքով՝ եթե անձը վարակված է եւ անսիմպտոմ է, ապա առաջին հերթին թույլ կտա չվարակել մնացածներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ հանրությունը շատ ուրախ կլինի հանրային տրանսպորտի գործելու կապակցությամբ, բայց եւ հետաքրքրվեց, թե ինչպես են կազմակերպվելու մեքենաների ախտահարման աշխատանքները։ Նաեւ նա նշեց, որ շատ հաճախ ավտոբուսներից քիչ է մնում մարդիկ դուրս մնան եւ ցանկացած՝ նույնիսկ քառաշերտ դիմակի առկայության դեպքում խնդիրները կմնան։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ երթուղային տաքսիներում մարդիկ պարտադիր պետք է դիմակ կրեն, եւ հավելեց, որ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը։ Դրված են պարտադիր պայմաններ եւ պահանջներ՝ ախտահարման համար, ինչն էլ իր հերթին ունի վերահսկող մարմին։ Դրանք համայնքային եւ տեսչական մարմիններն են, որոնք պետք է հետեւեն այդ կանոնների պահպանմանը։

«Մենք ամբողջապես բացում ենք հանրային տրանսպորտը՝ պայմաններով, եւ այդ պայմանների չկատարումը բերելու է որոշակի հետեւանքների՝ հիմնականում տրանսպորտը շահագործողների համար»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մարդիկ ոչ միայն պետք է զգուշանան տուգանքներից, այլեւ՝ սեփական առողջությունը վտանգելուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել