Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20 (թարմացվող)
22:49 - 18 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20 (թարմացվող)

20:25- Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել մոտ 1 մլրդ 89 մլն 730 հազար դրամ, 730,196.9 դրամ, մուտքերի ընդհանուր քանակը 4280-ն է: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


20:40- Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը: [Երևանի քաղաքապետարան]


20:36-  Առավոտյան 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են եկել գիծ: Գնացքները ապահովված են նաև ալկոգելով: Կայարանային տարածքները ևս ախտահանվել են, ընդհանուր 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածք: [Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ]


20:35- Տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, որպեսզի բնակչությունն իրազեկված լինի, թե մանրադրամի պահելու առումով, թե առանց ձեռնոցի և դիմակի մուտք չգործելու առումով, ինչպես նաև նստատեղից ավել ուղևորափոխադրում չիրականացնելու առումով։ [«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն]


19:11- ՀՀ ոստիկանությունը մայիսի 18-ին հայտնաբերել է մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։


17։18- Հանդիպեցի Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:
Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: [Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան]

 

17։15- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ: [Արարատի մարզպետարան]

 

16։43- Գեղարքունիքի մարզում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։24- Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին։ [Արսեն Թորոսյան]

 

15։59- Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

15։33- Մասնավոր ընկերությունների վարորդներն այսօր արդեն ահազանգում են, որ նման ուղեւորահոսքի պարագայում չեն կարող ապահովել գծատերերի սահմանած գումարները. վարորդների «պլանի վերանայման» հարցը դարձել է օրախնդիր: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, այսօր ասուլիսում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ հավանական է՝ վերանայվեն սահմանված գումարները, քանի որ նման փոքր ուղեւորափոխադրման պարագայում վարորդների շահույթը ոչ թե փոքր է, այլ ուղղակի չկա: |armtimes.com|

 

14։45- Երևանի քաղաքապետարանը կամբողջացնի իրենց ենթակայությամբ գործող թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը, որպեսզի նրանք ողջ աշխատավարձը ստանան։ Այս մասին հայտնեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Նա, անդրադառնալով թատրոնների ու թանգարանների գործունեությանը, նշեց՝ մշակութային կազմակերպություններ կան, որոնց բյուջեն գոյանում է ոչ միայն պետության հատկացրած սուբսիդիայից, այլև սեփական եկամուտներից։ Այդ կազմակերպությունների սեփական եկամուտները ձևավորվում են տոմսերի վաճառքից, վարձակալության գումարներից։|hetq.am|

 

14։35-  Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը։ Տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների: |armenpress.am|

 

14։09- Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ՀՀ տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: [Էկոնոմիկայի նախարարություն]

 

13։46- Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։ Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]

 

13:13- Այս պահին ունենք ուղևորափոխադրման աննախադեպ ցածր ցուցանիշ։ Մի քանի օրից ուղևորափոխադրումների տենդենցների ուսումնասիրության արդյունքում կկարողանանք որոշում կայացնել երթուղայինների հաճախականությունն ավելացնելու վերաբերյալ։ Այս պահին 95 տոկոսի դրությամբ, քաղաքացիները իրենք չեն նստում, երբ տեղերը լրացած են լինում։ Որոշ դեպքերում քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի իրենք կանգնած  երթևեկեն։ Հանձնարարականը այնպիսին է, որ վարորդը կանգնեցնում է  ավտոբուսը այնքան ժամանակ, մինչև տվյալ քաղաքացին չիջնի։ Այս պահին պահեստային ավտոբուսներ շահագործման անհրաժեշտություն չկա։ [Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյան]

 

13:07- Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք։ Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

13:04- Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են։ Այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։ Վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի, գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ |panarmenian.net|

:

12:56- Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվել է, և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

 

12:52- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ:

 

12:36- ՄԻՊ-ին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են ԻԻՀ տարածքում՝ ՀՀ սահմանագծի մոտ, և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել:  ՄԻՊ աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին։ Մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել ՀՀ։ [ՄԻՊ]

 

12:12-  351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում:
4.823 ընդհանուր դեպք:
2.718 ակտիվ դեպք:
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք:
61 մահ:
1.3% մահացություն:
[Արսեն Թորոսյան]

 

11։25- ՀՀ Պարետի ցուցումով այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները:

  • Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով:
  • Մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

11։01- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։52- Թարմացվել է 18.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4823 (+351)
Առողջացածներ - 2019 (+94)
Փաստացի բուժվողներ -2718
Ընդհանուր թեստեր - 41850
Մահվան ելքեր - 61 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –25 (+1) [ԱՆ]

 

09:31- Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում կա արդեն մոտ 10 հաստատված դեպք, առողջապահության նախարարի առաջարկով որոշվել է սահմանել մուտքի և ելքի սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետագա հնարավոր առավել տարածումից, վարակի նոր դեպքերից խուսափելու համար: Սահմանափակումները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը՝ նախնական. հնարավոր է, որ միջոցառումները թեթևացվեն կամ ավելի խստացվեն՝ կախված իրավիճակից: |azatutyun.am|

 

08:53- Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ [Երևանի քաղաքապետարան] 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 18․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել