Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|
09:52 - 21 մայիսի, 2020

Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահը նախօրեին մերժեց ԵԱՏՄ երկրների համար գազի միասնական սակագին սահմանելու մասին Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը ներառել միության մինչեւ 2025 թվականի ռազմավարության մեջ: 

Անդրադառնալով այս մերժման հետեւանքներին՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընդգծեց, որ անկախ այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միության մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը:

Նույն առաջարկը ներկայացրեց նաեւ Բելառուսը: «Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանին վճարում է 150 դոլար, Բելառուսը՝ 127 դոլար, Հայաստանը՝ 165 դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե առաջարկում է միասնական սակագնի հարցը հանել ռազմավարությունից, որպեսզի փաստաթղթի ընդունման հարցում խոչընդոտներ չլինեն: Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձեւի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման որոշակի մակարդակ, որն այսօր չկա: Խոսքը միասնական շուկայի, միասնական բյուջեի եւ հարկային համակարգի մասին է:

Ի վերջո ԵԱՏՄ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության արժանացավ եւ որոշվեց, որ որոշ կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն:

Մեր հարցին՝ արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ բացատրություն է, որ քանի դեռ ինտեգրման մակարդակը բավարար չէ՝ գազի միասնական գին չի կարող լինել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց.

«Պետք է հաշվի առնել, որ այս կառույցում որոշումները հիմնված են կոնսենսուսային սկզբունքի վրա, եւ եթե մի գործընկեր երկիր առայժմ պատրաստ չէ տվյալ լուծման ձեւին՝ պետք է շարունակել բանակցությունները այդ լուծմանը հասնելու համար: ԵԱՏՄ ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ի վերջո միասնական շուկա ունենալու նպատակի վրա, այսինքն մենք այսպես թե այնպես գնում ենք այդ ճանապարհով՝ ընթացքում բարձրացնելով նաեւ գազի գնի հարցը, որովհետեւ դա Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն»,- ասաց Փամբուխչյանը: Նա վստահեցրեց, որ անկախ նախօրեին արված հայտարարություններից՝ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ամեն ինչ արվելու է, որ շարքային քաղաքացին չտուժի: Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»:

Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաեւ դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ապրիլի 1-ին իր հերթին «Գազպրոմ Արմենիան» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

Ապրիլի 6-ին ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում ճգնաժամի պայմաններում սակագինը բարձրացնելու՝ «Գազպրոմ Արմենիայի» քայլը: Նա նշեց, որ գազի գնի հարցը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել են եւ ինքն ակնկալում է, որ ՌԴ նախագահի հետ կգա ընդհանուր հայտարարի եւ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանան «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։

Տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը համոզված է, որ գազի միասնական սակագին սահմանելու առաջարկի մերժումը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը մերժել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հայտը:

- Պարոն Քթոյան, Ռուսաստանը որքա՞ն կարող է նվազեցնել գազի գինը ցանկության դեպքում:

- Քանի որ գազի գինը ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, ես չեմ կարող ասել, թե որքան կարող է գինը նվազեցվել: Համենայնդեպս Ռուսաստանը գինը սահմանին կարող է իջեցնել այնքան, որ գոնե «Գազպրոմ Արմենիայի» հայտից հետո սպառողների համար թանկացում չլինի:

- Պուտինը երեկ հայտարարեց, որ միասնական սակագնի չեն կարող անցնել, քանի դեռ չեն հասել ինտեգրման որոշակի մակարդակի: Ի՞նչ ժամկետներում կարող է ԵԱՏՄ-ն այդ մակարդակին հասնել:

- Դեռ հարց է՝ կհասնի, թե չէ, որովհետեւ ԵԱՏՄ-ն ըստ էության ավելի շատ միավորում է քաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրներին, քան տնտեսական, եւ քաղաքական ընդհանուր շահի վրա ձեւավորված միությունում դժվար է ասել, թե տնտեսական ինտեգրումը երբեւէ կհասնի՞ այնպիսի մակարդակի, որ ունենանք ընդհանուր էներգետիկ շուկա:

- Թեեւ Պուտինն ասաց, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը համաձայն են առկա պայմաններին, բայց հայտնի է, որ Ղրղըզստանը եւս դիմել էր գազի գնի նվազեցման հարցով: Տարաձայնությունների խորացում կանխատեսվո՞ւմ է, թե՞ քաղաքական հետեւանքներ չի ունենա այս ամենը:

-Համենայնդեպս տեսանելի քաղաքական հետեւանքներ չի ունենա, բայց որոշակի սառեցման կբերի: Հիմա Ռուսաստանը ներկայանում է որպես Հայաստանին գործընկեր երկիր, իսկ գործընկերային հարաբերությունները չեն ենթադրում, որ քո մենաշնորհային դիրքը կչարաշահես ի վնաս քո գործընկեր երկրների:

Գազը ապրանք է, որը էներգետիկ շուկայում գնանկումների ֆոնին բավականին էժանացել է, եւ դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ գնորդը գիտի, ե՛ւ վաճառողը: Եթե վաճառողը հրաժարվում է գինը նվազեցնել՝ հաշվի առնելով, որ երկրները ունեն պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարող խախտել՝ դա ավելի շուտ իռացիոնալ վարքագիծ է եւ ՌԴ-ին որեւէ օգուտ չի բերի:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել