Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
15:45 - 22 մայիսի, 2020

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում ստորագրված համաձայնագրի նպատակն է արդյունավետ հակազդել մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու հնարավոր մեխանիզմների դեմ:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հարմարավետ բիզնես միջավայր, իսկ մաքսային ոլորտի կարգավորումներով` նպաստող պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար: Այն սահմանում է նաեւ հետագծելիության մեխանիզմի գործողության կարգ` ապահովելով ապրանքների եւ դրանց շրջանառության հետ կապված գործարքների հաշվառում` ապրանքների շրջանառության վերահսկման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումը ոչ միայն թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառության օրինականությունը, այլեւ էականորեն կնվազեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը, կկրճատի հաշվետվությունների ծավալը:
 
Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետությունում ստեղծել տեղեկատվական համակարգ` ներառելով ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի մասին տվյալները, ինչպես նաեւ գործարքների կնքման մասին տեղեկատվությունը:

ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից կարեւորելով  համաձայնագրի վավերացումը` հիմնական զեկուցողն առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն:

Միքայել Փաշայանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերել են ազգային համակարգի ներդրմանը, էլեկտրոնային կապարակնքման կիրառմանը:

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաեւ Եվրասիական տնտեսական միության սահմանած  միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով` Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել` հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Համաձայն «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի` 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Հայկական կողմի նախաձեռնած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով:

2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, համաձայն որի` վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով` բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների: Նշվել է, որ արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է  «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ Ղրղզստանի Հանրապետությունը, 2015 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաեւ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Ղրղզստանի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով` վերջինս 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց` հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար:

Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով: 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Վարոս Սիմոնյանին ուղղված հարցերը վերաբերել են սպառողական զամբյուղում ներառված ապրանքատեսակների ընտրությանը, նախագծերի ընդուման պարագայում գների հնարավոր նվազմանը:

Քննարկված երեք օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել