Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով
15:27 - 25 մայիսի, 2020

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այս տարվա ապրիլի 16-ին չեղյալ համարվեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի էր ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Խորհրդի անդամների 5 կողմ և 1 դեմ ձայնով տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։

Չեղյալ համարելու պատճառը ընթացակարգային խախտումներն էին, որոնց արդյունքում վատթարացվել էին հավակնորդների իրավունքները:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլի 20-ին Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 16-ին կայացված հրամանն (խմբ․-մրցույթի արդյունքները չեղյալ համարելու) անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանին․ գործն ընդունվել է վարույթ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։

Նշենք, որ համանման իրավիճակ է նաև Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում։ Մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Գոհար Գրիգորյանը, սակայն մրցույթից հետո ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողով էր ձևավորվել։ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ էին համարվել։

Մրցույթին ընտրված տնօրեն Գոհար Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 8-ին դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոհար Գրիգորյանի 2020 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը մերժել է Գոհար Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը։ 

Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է, և 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է մերժել Գոհար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը։

Այս ընտրությունը դիտարկել էր նաև Infocom-ը։ Ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներին անդրադարձել էինք դեռևս 2019 թվականի նոյեմբերին։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել