Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար 2020 թվականի մայիսի 21-22-ը ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ գործուղվել էին Արցախ։ 

Լրատվամիջոցներում ու համացանցում պտտվող՝ երդմնակալության օրվա լուսանկարները բազմաթիվ քննադատությունների եւ հանրային վրդովմունքի առիթ դարձան, քանի որ դրանցից որոշոներում պաշտոնյաները սոցիալական հեռավորություն չէին պահել, երբեմն էլ պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով չէին։ 

Այս քննադատությունների արձագանքը չուշացավ։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով եւ պարզաբանեց, որ Արցախի պարետի որոշումների եւ մեր որոշումների մեջ կտրուկ տարբերություն կա․

«Այնտեղի թվերի եւ այստեղի թվերի մեջ էլ զգալի տարբերություն կա: Լուսանկարն արվել է բաց տարածությունում, բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են»:

Պաշտոնյաներն արդեն վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Վերոնշյալ պարզաբանումներից հետո Infocom-ը փորձեց հասկանալ՝ նրանք ենթարկվո՞ւմ են ՀՀ պարետի որոշումներին, քանի որ դրանցից մեկի՝ N81 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, եւ նույն որոշման մեջ Արցախի Հանրապետությունը որպես բացառություն նշված չէ։

Որոշ պատգամավորերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Իմ քայլը» խմբակցությունից տեղեկացանք, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ինքնամեկսուացել։ Զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ, նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս պատասխանեց, որ չի ինքնամեկուսացել։ Մեր հարցին, որ պարետի վերոգրյալ որոշմամբ սահմանվում է ինքնամեկուսացման պահանջ, արդյոք չի՞ խախտվում նորմը, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։

«Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ»,- ասաց Սիմոնյանը։

Մեր դիտարկմանը, որ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նախօրեին հայտարարեց, որ Արցախում գործում են բոլորովին այլ կանոններ ու կարգեր, այլ սահմանափակումներ, եւ որ ի վերջո այնտեղ պարետն ուրիշ պաշտոնյա է, պատգամավորն արձագանքեց․

«Ըստ Infocom-ի եւ ձեզ՝ Արցախն ուրի՞շ երկիր է։ Դուք մեկնաբանում եք ձեր ուզած ձեւով։ Այո, Արցախն ունի իր իշխանությունները եւ այնտեղ գործում են այլ կանոններ։ Ուստի, ներողություն եմ խնդրում, բայց ձեր շահարկումը չեմ հասկանում։ Դուք նշում եք, որ ես ասել եմ՝ այլ կանոններ են գործում, եւ, միեւնույն ժամանակ, Արցախն անվանում եք այլ երկիր։ Եթե այլ երկիր է, դա՝ ուրիշ խոսակցություն, եթե ոչ, ապա՝ ոչ։ Պարետի լիազորություններն ու գործողությունները ՀՀ տարածքին են վերաբերում։ Եւ ձեր մեջբերած օրինակը վերաբերում է արտերկրին։ Եթե Արցախը որպես բացառություն նշված չէ, եթե օրենքում որեւէ բանի մասին գրված չէ, դա նշանակում է՝ դրա հետ կապված որեւէ կարգավորում չկա, եւ ձեր մեկնաբանությունն ընդհանրապես տեղին չէ»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ Արցախն այլ երկիր չէ, Արցախն ունի իր կանոնները․

«Եւ պարետի որոշմամբ որեւէ մարզում, օրինակ Սյունիքում, կարող են գործել այլ կանոններ, այդ դեպքում Սյունիքից գալիս ես պետք է մեկուսանա՞մ, իհարկե ոչ։ Բացի այդ, պաշտոնատար անձինք, պատգամավորները մեկնելիս 3-5 օրը մեկ անցնում են ստուգում, եւ Արցախում գործող որեւէ կանոն եւ սահմանափակում չի խախտվել, ինչպեւ նաեւ ՀՀ-ում գործող։ Ուստի հարցնել՝ ես ինքնամեկուսացե՞լ եմ, շատ սխալ միտում եւ շատ սխալ հարց է իմ գնահատմամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հայարփի Բաղդասարյան