armtimes.com: Արարատի մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Վերին Դվին և Ազատավան համայնքներում շրջելուց, գյուղատնտեսական աշխատանքներին և առկա խնդիրներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Երևան: Կային հարցեր, որոնք ըստ վարչապետի, ընթացիկ լուծումներ են պահանջում, սակայն հարցեր էլ կան, որոնց լուծումը հարց չի լուծելու:

«Ինչու՞, որովհետև մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է: Արդյունքում գինն ընկնելու է, գյուղացին եկամուտ չի ունենալու: Մի տարի՝ ավելի քիչ է լինելու, էլի գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի կարկուտ է լինելու, անձրևը քիչ է լինելու, ցրտահարություն և այլն: Ո՞րն է այս հարցի լուծումը: Ես էլի իմ կարծիքին եմ, որ լուծումը մտածողոթւյան մեջ է, որովհետև այն ջուրը, որը ռեալ կա դաշտերում հիմա, բայց քիչ է, էդ ջրով կարելի է 10 անգամ ավելի շատ հող մշակել, 10 անգամ ավելի շատ բերք ստանալ: Մեր երկրում պետք է փոխվի մտածողության կուլտուրան: Այսպես հնարավոր չէ այլևս:

Ժամանակակից աշխարհում բերքի ծավալը պլանավորվում է, ոչ թե կռահվում: Ինչքան պետք է, այդքան էլ ստանում են: Տխուր հետևության եմ գալիս. կլուծվեն բոլոր հարցերը, բայց մեկ է, գյուցաղին դրանից բարեկեցիկ չի դառնա: Գյուղացին մինչև այն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի, ու գնա իր այգին մշակի, չի լուծվելու իր խնդիրը: Պետք է անցնել գյուղատնտեսության  ժամանակակից տեխնոլոգիաների՝ ինտենսիվ գյուղատնտեսություն, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսություն, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսություն: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը»,-ֆեյսբուքի ուղիղ եթերում Երևան վերադառնալու ճանապարհին ասաց վարչապետը: