ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրել առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ առանց այդ ամիսների համար տոկոսների հաշվարկման:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը:

Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝  նախաձեռնությամբ սահմանվում են ֆորսմաժորային իրադրության հատկանիշները, այդ փաստի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետեւանքները, թվարկվում են հնարավոր ֆորսմաժորային իրադրություններ, սահմանվում է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի բաշխումը:

Նախագծի անցումային դրույթով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ մինչեւ այն պահը, երբ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվեց արտակարգ դրություն՝ կապված համաճարակի տարածման հետ:

ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գործնականում որեւէ անձի օգուտ չի տալու: Գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: