ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն․ Նիկոլ Փաշինյան
20:40 - 24 մայիսի, 2020

ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն սրճարանները, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։

«Ես հրահանգ եմ տվել փակելիս, եթե կրկնակի խախտումներ են անում, չբավարարվել 24 ժամ փակելով․ եթե պետք լինի, 15 օրով, մի ամսով է պետք փակել, այսինքն՝ երկար ժամկետներով։ Ընդ որում, իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որպեսզի մարդիկ իմանան՝ այդ վարսավիրանոց, ռեստորան, սրճարան գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,- նշեց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝  մասնագետները հետազոտություն են արել, համաձայն որի՝ դիմակները ճիշտ կրելը հնարավորություն կտա զրոյացնել կորոնավիրուսային վարակի դեպքերը։

«Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից։ Կարելի է որակով դիմակը կրել անորակ ձևով, և դա այն արդյունքը չի ունենա, և ոչ բարձր որակի դիմակը կարելի է կրել որակյալ ձևով, և դա արդունք կունենա»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցրեի քննարկման արդյունքում պարետատունը նոր որոշումներ է կայացրել։

  • Համաձայն առաջին որոշման՝ առևտրի գործընթացի բոլոր մասնակիցները, անկախ գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակներով։ Մինչև հիմա այս կանոնը գործում էր որոշակի տարածքներում՝ առևտրի փակ կենտրոններում, շուկաներում, բայց այսուհետ կանոնը կգործի ամեն տեղ։ Առևտուր իրականացնելիս և՛ գնողը, և՛ վաճառողը պետք է պարտադիր դիմակ կրեն։

  • Համաձայն երկրորդ որոշման՝ մեքենաներում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է լինեն դիմակներով։ Մինչև այս պահը մեկից ավելի ուղևոր ունենալու դեպքում դիմակ կրելը պարտադիր էր տաքսիներում, այսուհետ կանոնը կգործի բոլոր մեքենաներում՝ անկախ նրանից՝ ուղևորներն ընտանիքի անդամներ են, թե ոչ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ եթե այս կանոնը և ձեռքերի ախտահանման կանոնը պահենք, կզրոյացնենք կորոնավիրուսի դեպքերը։ 

«Շատերն ասում են՝ դիմակները թանկ են։ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։ Բայց համաճարակաբանների հետ քննարկելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ նաև տանը պատրաստած ինքնագործ դիմակները կարող են լինել էֆեկտիվ։ Առաջիկա օրերին ԶԼՄ-ներով համաճարակաբանները, մասնագետները խորհուրդներ կտան քաղաքացիներին, թե ինչպես տնային պայմաններում տանը ունեցած առարկաներով պատրաստել դիմակ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կամ չեն կարող դիմակ գնել, հնարավորություն ունենան այդ կանոնները նույնպես պահպանելու»,- նշեց նա։ 

Վարչապետը անդրադարձավ նաև մի հարցի, որ վերաբերյալ պարետատունը վարչական որոշում չի կայացրել։ Նա հորդորեց քաղաքացիներին փողոցում իրենց ծանոթներին հանդիպելիս զրուցել կա՛մ սոցիալական հեռավորություն պահպանելով, կա՛մ դիմակներ կրելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել