Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)
23:18 - 25 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)

20:15- մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):

մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]



20:12- Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. վաղը նշանակված նիստը կհետաձգվի։ |Armtimes.com|


20:02- Առաջիկա ոչ աշխատանքային օրերին կան կանախտեսումներ, որ մարդիկ մեծ խմբերով կարող են հավաքվել, ինչ-որ տեղեր գնալ: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ հավաքույթներ չկազմակերպել, մնալ տանը: Պահպանել նշված կանոները, դրանք չեն փոխվում, կրել դիմակ, առանց ախտահանված ձեռքերի չդիպնել դեմքին, պահպանել սոցիալական հեռավորությունը: [Նիկոլ Փաշինյան] |Armtimes.com|


19:09- Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին՝ ցավոք, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Մեր և մեր գործընկերների առողջությանը հետևելով՝ այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով։ [Հանրային հեռուստաընկերություն]


17։50- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102) [ Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյան]

 

17։03- Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված մշտադիտարկման արդյունքում՝ ՀՀ պարետի «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել: [Կրթության տեսչական մարմին]

 

16։57- Սասունցի Դավիթ կայարանում երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։ Մայիսի 25-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ խախտումները շտկվել են՝ բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել են ախտահանիչ նյութերը։ Տնօրենությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկօրյա ժամանակահատվածում։ [ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին]

 

16։39- ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի 46 օբեկտների աշխատանքը։ Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: Հանրային սննդի օբեկտների ցանկը։

 

16։07-  Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետարան]

 

14։43- Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

14։08- Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ դիմակների գնի մասին] |tert.am|

 

13։19- Պարետատան նիստին երեկ քննարկել ենք, և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |armenpress.am|

 

12։57-  Նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման և Հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ԱՀ կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, ԱՀն կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 25.05.2020թ. ժամը 10:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8666.8 հազ. դրամ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի: [Արարատի մարզպետարան]

 

11։39-  ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Մայիսի 22-24-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 3521 վարակազերծում, որից 2415-ը՝ մարզերում, 1106-ը՝ Երևանում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻՆ]

 

11։10- Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է ընդհանուր 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերը 13-են, մահացություն չի գրանցվել: [Արցախ/ տեղեկատվական շտաբ]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։53- Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։

 

09։11- Պարետը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակումներ մտցնել․

  • սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի,
  • սահմանել համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել