Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ
18:50 - 25 մայիսի, 2020

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։

Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Մայիսի 18-ից մայիսի 24-ը ներառյալ ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են հիշյալ կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից և դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։ Մայիսի 18-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ հայտնաբերվել է 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են հիշյալ պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։ Մայիսի 18-ից մայիսի 24-ը ներառյալ հայտնաբերվել է 145 անձ, որոնք դիմակ չեն ունեցել։ Այս փաստերով ևս կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել