Համաճարակաբանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացման պատճառը
 |armenpress.am|
19:28 - 25 մայիսի, 2020

Համաճարակաբանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացման պատճառը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից կապված է քաղաքացիների վարքագծի հետ, մյուս կողմից՝ ընդլայնվել են լաբորատոր կարողությունները, արագ արձագանքման համակարգը: Կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, կան վարակի դեպքեր ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ: Դրանից բացի, բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ:

«Թվերի աճն ազդակ է այն մասին, որ պետք է կարողանանք թելադրվող անվտանգության կանոնները հավուր պատշաճի իրականացնենք: Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը: Օրինակ, դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու այլ երկրներում, վարակվածության թվերի անկում է նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Լիան Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև մեր երկրում: «Այստեղ կարգապահության հարց է, դրանից բացի համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ ու աչալրջություն: Անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա»,-ասաց նա:

Մասնագետը հորդորում է տկարություն, թուլություն ունենալու դեպքում չհաճախել աշխատանքի: Աշխատանքի գնալու ընթացքում դիմակը կրել ճիշտ ձևով: Պարբերաբար լվանալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Տարածքները հաճախակի օդափոխել, կոշտ մակերեսները ախտահանել, ջերմաչափվել: «Զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ: Այս իրավիճակում հորդորում եմ հնարավորության սահմաններում ձեռնպահ մնալ նման միջոցառումներ անցկացնելուց» ,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել