ՀՀ և Չեռնոգորիայի նախագահներն անդրադարձել են ԵՄ հետ համագործակցության երկու երկրների փորձին
20:06 - 25 մայիսի, 2020

ՀՀ և Չեռնոգորիայի նախագահներն անդրադարձել են ԵՄ հետ համագործակցության երկու երկրների փորձին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ:

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու երկրների ու միջազգային հանրության ջանքերին:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի և Չեռնոգորիայի փորձին:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ջուկանովիչը կարևորել են նաև երկու բարեկամ երկրների միջև փոխհարաբերությունների խորացումը: Նշվել է, որ զարգացման մեծ ներուժ է առկա հատկապես ծառայությունների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել