Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան
22:20 - 25 մայիսի, 2020

Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ սահմանեցի էթիկայի բարձր շեմ, ակնկալում եմ, որ պետք է հետևեն այդ չափանիշին․ Գոգյան

Հանդիպումը բավական երկար տևեց, չէի կարծում, որ այսքան երկար կտևի, զրույցը բավականաչափ բովանդակային էր, շատ հարցեր քննարկեցինք, և համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հետ վերցնի ազատման դիմումը, Գոգյանը պատասխանեց․ «Հետ վերցնելու համար, որքան գիտեմ, երեք օրվա ժամկետ կա, պետք է Աշխատանքային օրենսգիրքը նայել, էդ երեք օրը վաղուց անցել է»։

Նա նշեց, որ իրեն ուղղված աջակցության խոսքերն իրավական ուժ չունեն, հետևաբար իրավական հետևանք էլ չեն կարող ունենալ, բայց իրեն հաճելի էր գիտակցել, որ ունի այդ աջակցությունը։ «Անկեղծ ասեմ, մի աղջիկ, որի ատենախոսությունը մերժել էինք արտագրության համար, ինձ շնորհակալություն հայտնեց, որ մեր շնորհիվ իմացավ՝ ինչ է գիտական գործունեությունը»,- ասաց ԲՈԿ նախագահը։

Նա ընգծեց․ «Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին, հատկապես, որ 2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի պաշտոնը։ Այդ արժեքը պետք է կրենք բոլորս, որովհետև եթե դու չես կրում, չես էլ կարող տարածել»։

Պատասխանելով հարցին՝ ինքը նպատակահարմար չգտա՞վ պայքարել առկա խնդիրների դեմ, թե՞ կարծում էր, որ անիմաստ է, չի ստացվի, Սմբատ Գոգյանն ասաց, որ ընտրել է պայքարի այս եղանակը։ Լրագրողը հարցրեց՝ կազդի՞, ըստ Ձեզ, ինչին Գոգյանն արձագանքեց․ «Տեսնենք, եթե այստեղ եմ, ուրեմն՝ արդեն ազդել է ինչ-որ ձևով»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել