Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան
23:05 - 25 մայիսի, 2020

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց,
որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։

«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։

«Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել